Հանրահայտ դերասան Զուրա Կղիփշիձեի թոռնուհին, հայկական արմատներով վրացի դերասանուհի Նատալիա Կղիփշիձեն սոցցանցերում անդրադարձել է վերջին շրջանում իր նկատմամբ ծավալվող ագրեսիվ մեկնաբանություններին։
Կղիփշիձեի շուրջ աղմուկն արդեն քանի օր է չի դադարում։ Նրա պապը՝ դերասան Զուրա Կղիփշիձեն, «Պիրվելի» հեռուստատեսության ուղիղ եթերում, հրապարակավ հակադարձել է Նատալիայի արտահայտած այն պնդմանը, թե ընդդեմ «գործակալների օրենքի» (որը հայտնի է որպես «ռուսական օրենք») հանրահավաքներում լինելով` պաշտպանում է երկրի ապագան։
Նատալիան գրառում է կատարել, որտեղ պատմել է իր և պապիկի՝ Զուրա Կղիփշիձեի հարաբերությունների մասին։ Նա նաև ընդգծել է, որ այդ ամենից հետո սոցցանցերում իր նկատմամբ ագրեսիվ մեկնաբանություններում հատուկ շեշտադրում է արվում նրա ազգության վրա, քանի որ ինքը կիսով չափ հայ է։
«Այո, ազգությամբ վրացի եմ և հայ։ Ինձ մեծացրել է այս զարմանալի մարդը` «Բիճին» (անունը Արկադի է և նրան մանկուց «Բիճի» են ասում), պապիկն ինձ սովորեցրել է սիրել երկիրը, ունենալ սեփական կարծիք և արտահայտել։ Պապիկիս նախնիները շատ դարեր առաջ ներգաղթել են Վրաստան, հայոց լեզուն նույնիսկ իմ սերնդին են փոխանցել, իսկ Վրաստանն իրենց հայրենիքն են համարում։ Նա սիրում է մեր երկիրը և ամենամեծ հայրենասերն է։ Պապիկս 25 տարի չի կարողանում քայլել և տնից է հետևում իրադարձություններին։ Պապս ինձ հետ խոսում է քաղաքականությունից, կարևոր հաղորդման գնալուց առաջ խորությամբ հետևում է լրահոսին ու նաև խրախուսում է ինձ, երբ հանրահավաքների եմ մասնակցում։ Առավոտյան երբ արթնանում եմ, նա գրկում է ինձ և ասում, որ հպարտանում է ինձնով, և ես ամեն օր հպարտանալու եմ իմ պապիկով, որը դեռ իր ձեռքերով նռան հյութ է քամում և մեծացնում ինձ իր երեխայի պես»,- գրել է Նատալիան։
Հիշեցնենք, որ խորհրդարան ներկայացրած «գործակալների մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ հաստատվել է 2024 թվականի ապրիլի 17-ին։
Խորհրդարանում երկրորդ հանձնաժողովային լսումները նշանակված են ապրիլի 29-ի ժամը 09։00-ին։ Լիագումար նիստում երկրորդ ընթերցման օրը դեռ հստակեցված չէ։
Ուշագրավ է նաև, որ նույն օրը` ապրիլի 29-ին, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է Թբիլիսիում «գործակալների մասին օրենքին» աջակցության հանրահավաք անցկացնել։ Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի աղբյուրի` իշխող ուժը հանրահավաքի համար պետաշխատողների է մոբիլիզացնում։
Օրենքի նախագծի երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունման նախնական ժամկետը մայիսի 17-ն է։