«Մենք 7-րդն ենք բիզնես սկսելու վարկանիշով և 3-րդը՝ շինարարության թույլտվություն տալու տեսակետից»- այս մասին հայտարարել է առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլին «Վրաստանի տնտեսություն. հեռանկարներ եւ մարտահրավերներ» բիզնեսֆորումի շրջանակներում:
Ինչպես հայտնում է interpressnews պարբերականը, Դիմիտրի Քումսիշվիլին հատուկ ուշադրություն է դարձրել միջազգային ազդեցիկ վարկանշային աղյուսակներում Վրաստանի վերջին հաջող ցուցանիշներին:
Դիմիտրի Քումսիշվիլիի հայտարարության համաձայն՝ Վրաստանը համաշխարհային բանկի Doing Business 2017-ի վարկանշային ցուցակում աշխարհի 198 երկրից 16-րդն է:
Առաջին փոխվարչապետի խոսքերով՝ սա նշանակում է, որ Վրաստանում բիզնես հիմնելու թղթաբանության վրա ծախսվում է շատ քիչ ժամանակ և գումար։
Փոխվարչապետն ուշադրություն է դարձրել նաև «Հերիթիջ հիմնադրամի» «տնտեսական ազատության ցուցիչին», որի համաձայն՝ Վրաստանը 13-րդն է 186 երկրների շարքում:
«Չեմ կարող չխոսել կոռուպցիայի ցուցանիշների մասին, ըստ որի՝ աշխարհի երկրների շարքում մենք 11-րդ տեղում ենք, սակայն վստահ եմ, որ ապագայում մեր դիրքերը կբարելավվեն»-հայտարարել է Դիմիտրի Քումսիշվիլին: