Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հունգարիայում «Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում» (CPAC) հոմոֆոբ հայտարարություններով է հանդես եկել և ասել, որ «այսպես կոչված՝ լիբերալները վտանգի տակ են դնում երկրների և ազգերի ինքնությունն ամբողջ աշխարհում», այդ թվում՝ Վրաստանում։
«Այսպես կոչված՝ լիբերալների և բոլշևիկների միջև միակ տարբերությունն այն է, որ բոլշևիկները մուրճն օգտագործում էին որպես կրոնի դեմ պայքարի իրենց հիմնական զենք, իսկ, այսպես կոչված՝ լիբերալները քրիստոնեության դեմ պայքարում են քարոզչությամբ, որը լրատվամիջոցների տոտալ վերահսկողության պայմաններում շատ ավելի մեծ ուժ ունի, քան՝ մուրճը։ Այսօր նրանց հարձակման հիմնական թիրախը Վրաստանի ուղղափառ եկեղեցին է»,- ասել է Կոբախիձեն։
Վարչապետը մեջբերել է վրացի բանաստեղծ Իլիա Ճավճավաձեի խոսքը՝ «Հայրենիք, լեզու և հավատք», և ընդգծել. «Սրանք այն երեք հիմնական սյուներն են, որոնք կազմում են Վրաստանի ազգային ինքնությունը 4-րդ դարից սկսած».
«Այսպես կոչված՝ լիբերալների հայեցակարգի համաձայն, ոչ միայն երկիրն ու ազգը, նույնիսկ անհատը չպետք է որևէ ամուր ինքնություն ունենա։ Մարդու անձնական կյանքում բարոյական սահմաններ չպետք է լինեն: Այդ քարոզչությունը մտահոգիչ հետևանքներ է ունենում թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում»:
Այնուհետև վարչապետն առաջ է քաշել հոմոֆոբ դավադրության տեսությունը՝ ասելով, որ ԱՄՆ-ում «ընդամենը յոթ տարում քարոզչությունը եռապատկել է ԼԳԲՏ մարդկանց թիվը»: Կոբախիձեն քննադատել է, իր կարծիքով, «թմրամիջոցների քաղաքականության ազատականացման արշավը»:
Այնուհետև նա խոսել է իշխող կուսակցության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների մասին և ասել, որ այդ փոփոխություններն «ուղղված են ընտանեկան արժեքների և անչափահասների շահերի պաշտպանությանը»։
Կոբախիձեն ասել է. «Հունգարիան և նրա կառավարությունը, անձամբ վարչապետ Վիկտոր Օրբանը, օրինակելի են բոլորի համար, ում համար «հայրենիք» և «հայրենասիրություն» բառերը հատուկ արժեք ունեն»։ Ավելի ուշ Վիկտոր Օրբանը Կոբախիձեին անվանել է «շախմատի գրոսմայստեր»:
Ի դեպ, CPAC-ն անցկացվում է Հունգարիայում ապրիլի 25-26-ը։
Ընդգծենք. Վրաստանում քաղաքից քաղաք շրջելով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը փորձում է համոզել մարդկանց, թե Վրաստանը մեծ վտանգի տակ է, և առանց սահմանադրական փոփոխությունների` երկրում կարող են անհետանալ սեռ, կին ու տղամարդ, մայր ու հայր հասկացությունները և վերջապես՝ վրացական ինքնությունը։
Վրաստանի քաղաքներում «ԼԳԲՏ քարոզչության» դեմ սահմանադրական օրինագծերի եռօրյա համընդհանուր հանրային քննարկումը ցույց տվեց, որ եթե փոփոխությունները կատարվեն, «Վրացական երազանքի» նախաձեռնության իրականացումը խնդիրներ կունենա: