Քաղաքից քաղաք շրջելով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը փորձում է համոզել մարդկանց, թե Վրաստանը մեծ վտանգի տակ է, և առանց սահմանադրական փոփոխությունների` երկրում կարող են անհետանալ սեռ, կին ու տղամարդ, մայր ու հայր հասկացությունները և վերջապես՝ վրացական ինքնությունը։
Վրաստանի քաղաքներում «ԼԳԲՏ քարոզչության» դեմ սահմանադրական օրինագծերի եռօրյա համընդհանուր հանրային քննարկումը ցույց տվեց, որ եթե փոփոխությունները կատարվեն, «Վրացական երազանքի» նախաձեռնության իրականացումը խնդիրներ կունենա, գրում է radiotavisupleba լրատվամիջոցը:
Պատգամավորները չկարողացան պատասխանել լսարանի որոշ հարցերի. օրինակ՝ ինչպե՞ս վերահսկել մարդկանց կամ ո՞վ պետք է մոնտաժի ֆիլմերից կոնկրետ հատվածները (խոսքը ԼԳԲՏ քարոզչական մասերի մասին է — հեղ.): Քութայիսիում, Ամբրոլաուրիում և Օզուրգեթիում հավաքվածները հիմնականում նմանատիպ հարցեր են տվել «Վրացական երազանքին»։
Մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն Քութայիսիի թատրոնում կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք կատարում են «հասարակության պատվերը» և ստեղծում «երկու ոտքի վրա ամուր կանգնած օրենք»։ Սակայն համընդհանուր հանրային վերանայման գործընթացում տեղի ունեցած քննարկումները, ըստ դիտորդների, վկայում են գործընթացի կատարյալ անհեթեթության և արհեստականության մասին։
Հանրային քննարկման գործընթացին մասնակցելուց հրաժարվելու համար ընդդիմադիր կողմնակիցներին «Վրացական երազանքը» «ԼԳԲՏ քարոզչության» կողմնակիցներ է անվանում։ Ընդդիմության բնորոշմամբ` սահմանադրական վերանայման գործընթացը ռուսական ոճի նախընտրական քարոզարշավ է։
Իշխող թիմի պատգամավորները սահմանադրական փոփոխությունների թեմայով հանդիպել են բնակիչների հետ Ամբրոլաուրիում՝ ապրիլի 23-ին և Օզուրգեթիում՝ ապրիլի 24-ին, հանդիպելու են Բաթումիում՝ ապրիլի 25-ին, Զուգդիդիում՝ ապրիլի 26-ին, Մեստիայում՝ ապրիլի 27-ին: