Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում «ռուսական օրենքի» դեմ ակցիա է ընթանում։
Չնայած ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) զգուշացմանը, որ եթե շարունակվեն փողոցների փակումը և երթևեկության խաթարումը, «օրենքով նախատեսված միջոցներ» կձեռնարկվեն, Ռուսթավելիի պողոտան այսօր կրկին փակվել է։
Ի դեպ, «գործակալների օրենքը», որը հայտնի է որպես «ռուսական օրենք», «Վրացական երազանքը» խորհրդարան է վերադարձրել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին, զանգվածային ցույցերի և միջազգային քննադատության հետևանքով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված էր հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից` խոստանալով չվերադառնալ նախագծին։ Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն ապրիլի 15-ին պաշտպանել է «գործակալների օրենքը», իսկ ապրիլի 17-ին` խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ։
Ապրիլի 15-ից հետո Թբիլիսիում հանրահավաքներ են ընթանում։ Քաղաքացիներն ամեն օր բողոքում են օրինագծի ընդունման գործընթացի դեմ մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց։
Եվրամիությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա դեպի Եվրամիություն Վրաստանի առաջընթացի վրա։