Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարել է, որ մարդկանց սակավաթվության պատճառով վերջին օրերին խորհրդարանին հարակից ճանապարհը փակելու անհրաժեշտություն չկա, և նախազգուշական հաղորդագրություն է տարածել։
ՆԳՆ-ն նշել է, որ «ճանապարհի արհեստական փակումը խախտում է հանրահավաքի մերձակայքում ապրողների և աշխատողների իրավունքները»։
«Հաշվի առնելով երթի մասնակիցների սակավաթիվ լինելը՝ տրանսպորտի ճանապարհը փակելու կարիք չկա, սակայն հանրահավաքի մասնակիցները տևական ժամանակ արհեստականորեն փակում են տրանսպորտի ճանապարհը։
…Հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք անում ենթարկվել օրենքի պահանջներին։ Յուրաքանչյուր ապօրինի գործողության կհետևի իրավապահ մարմինների համապատասխան իրավական պատասխանը»,- հայտնել են ՆԳՆ-ից:
Զգուշացվել է նաև, որ կպարզեն բոլոր այն մարդկանց ինքնությունը, որոնք հանրահավաքի մասնակիցներին կոչ են անում փակել ճանապարհը, և «իրավական միջոցներ կձեռնարկեն» նրանց նկատմամբ։
Ի դեպ, «գործակալների օրենքը», որը հայտնի է որպես «ռուսական օրենք», «Վրացական երազանքը» խորհրդարան է վերադարձրել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին, զանգվածային ցույցերի և միջազգային քննադատության հետևանքով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված էր հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից` խոստանալով չվերադառնալ նախագծին։ Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն ապրիլի 15-ին պաշտպանել է «գործակալների օրենքը», իսկ ապրիլի 17-ին` խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ։
Ապրիլի 15-ից հետո Թբիլիսիում հանրահավաքներ են ընթանում։ Քաղաքացիներն ամեն օր բողոքում են օրինագծի ընդունման գործընթացի դեմ մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց։
Եվրամիությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա դեպի Եվրամիություն Վրաստանի առաջընթացի վրա։