«Վրաստանի Հայ համայնք» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ։
Կազմակերպությունը հայտնել է, որ, հաշվի առնելով վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցած բազմաթիվ հանրահավաքների հետևանքով իրավապահ մարմինների ծանրաբերվածությունն այս տարի, որոշվել է չեղարկել ֆիլհարմոնիայի հարակից տարածքից երթը և հավաքն անցկացնել Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում, որտեղ նաև կկազմակերպվի ցուցահանդես:
Ժամը 12:00-ին Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում` Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, կկատարվի բարեխոսական կարգ` ի հիշատակ հավատքի և հայրենիքի համար զոհված Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների։
Ժամը 13:00-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես, իսկ ժամը 14:00-ին նույն տարածքում կսկսվի պահանջատիրական ցույց։