Ապրիլի 22-ին Թբիլիսիի Աբանոթուբանիի հյուրանոցներից մեկում ռուս և վրացի փորձագետներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ համաժողով են անցկացրել՝ քննարկելու «Ավանդական արժեքները որպես երկրների և մարդկանց միավորելու գործոն» թեման։
Հանդիպումն անցկացվել է «Ռուսաստանը և աշխարհը. երկխոսություններ 2024: Գրավիչ ուժեր» համաժողովի շրջանակներում։ Հանդիպման կազմակերպիչներն էին ռուսական հաղորդակցությունների զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտը (НИИКР), Վրաստանում գործող ռուսամետ հասարակական կազմակերպություններ «Եվրասիայի ինստիտուտ» և SIKHA Foundation գիտահետազոտական կենտրոնը։
«Եվրասիայի ինստիտուտ»-ի տնօրեն Գուլբաաթ Ռցխիլաձեի խոսքով, «համաժողովը արժեհամակարգի մասին էր… մասնագետների հանդիպում էր, զանգվածային չէր»։ Նրա խոսքերով, «կարևոր է, որ հանդիպեցինք, արդյունքն ավելի ուշ կերևա, ամենակարևորը՝ սառույցը հալեցնելն է և շփումներ սկսելը… Պետք է հաստատել վրաց-ռուս-օսական երկխոսություն»:
Ի դեպ, Թբիլիսիից առաջ НИИКР-ի միջոցառումն անցկացվել է Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիում։ Ապրիլի 19-ին հանդիպմանը քննարկվել է «մասամբ ճանաչված պետությունների դերը ժամանակակից աշխարհում, դաշինքային հարաբերությունների զարգացման մեխանիզմները»։
Ընդգծենք՝ առանց Վրաստանի կառավարության համաձայնության օկուպացված Աբխազիա և Հարավային Օսիա այցելելը Վրաստանի օրենսդրության խախտում է։ Վրացի սահմանապահները հաճախ երկիր չեն թողնում «Օկուպացված տարածքների մասին» օրենքը խախտողներին։