Օրինագիծը չի համապատասխանում ԵՄ արժեքներին. Բորել

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ևս մեկ անգամ ասել է, որ Վրաստանի խորհրդարան ներկայացված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը «չի համապատասխանում Եվրամիության արժեքներին»։

Ապրիլի 22-ին Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստի ավարտին կայացած մամուլի ասուլիսում Բորելն ասել է, որ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ քննարկել է Վրաստանում ստեղծված իրավիճակը։

«Արտաքին գործերի նախարարները մտահոգություն են հայտնել «Թափանցիկության և արտաքին ազդեցության մասին ակտի» առնչությամբ: Վրաստանի կառավարությունը խոստացել էր չվերադարձնել այս օրինագիծը, սակայն այդ խոստումը չիրականացավ»,- ասել է Բորելը։

Ի դեպ, «Վրացական երազանքը» «գործակալների օրենքը», որը հայտնի է որպես «ռուսական օրենք», խորհրդարան է վերադարձրել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին, զանգվածային ցույցերի և միջազգային քննադատության պատճառով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված էր հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից և խոստացավ՝ չվերադառնալ նախագծին։

Օրենքի նախագիծը վերստին խորհրդարան բերելուց հետո Թբիլիսիում զանգվածային ցույցեր են սկսվել․ քաղաքացիները ամեն օր բողոքում են օրինագծի ընդունման գործընթացի դեմ մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց։

Եվրամիությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա դեպի Եվրամիություն Վրաստանի առաջընթացի վրա։