Նինոծմինդայի Տեղական ինքնակառավարման մարմինների՝ մասնավորապես քաղաքապետարանի և սակրեբուլոյի պատգամավորներն ու աշխատակիցներն ակտիվորեն տարածում են ապատեղեկատվական, այլատյացություն պարունակող ինչպես նաև իշխանական քարոզչություն՝ կապված «գործակալների օրենքի» հետ: Նման դրսևորումներով հանդես են գալիս Վրաստանում «Վրացական երազանքի» ու կուսակցության հետ կապ ունեցող անձինք:
Օրեր առաջ, այլատյաց բովանդակությամբ գրառում էր արել Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, սակայն, շատ չանցած հեռացրել էր գրառումը: Չնայած դրան՝ գրառումն արդեն հասցրել էին տարածել սակրեբուլոյի ու քաղաքապետարանի մի խումբ ներկայացուցիչներ:
Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն այլատյացություն է տարածում
Նինոծմինդայի սակրեբուլոյի «Վրացական երազանք — ժողովրդավարական Վրաստան» խմբակցության նախագահի տեղակալ Գարուշ Արզումանյանն ակտիվորեն տարածում է Դիտո Սամխարաձեի ատելության խոսք և ապատեղեկատվություն պարունակող հրապարակումները: Վերջինս նաև տարածել է իշխանամետ քարոզչական POSTV-ի տեսանյութը, որը «Ֆեյսբուքը» պիտակել է որպես կեղծ:
Հատկանշական է նաև, որ ՏԻՄ ներկայացուցիչներն ակտիվորեն արձագանքում են նաև քարոզչական բովանդակության գրառումներին: Օրինակ՝ նույն Գարուշ Արզումանյանի հրապարակմանը ֆեյսբուքում արձագանքել էր նույն խմբակցության նախագահ Գիորգի Զմոյանը:
Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանը ևս արձագանքել էր Դիտո Սամխարաձեի գրառումներից մեկին՝ «Վրաստանը չեն կարող ծնկի բերել» վերտառությամբ:
Նշենք, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց հետ առնչություն ունեցող ֆեյսբուքյան էջերը վերջին շրջանում ակտիվորեն այլատյացություն պարունակող հրապարակումներ են անում՝ դրանք կապելով «ռուսական օրենքի» դեմ բողոքի ցույցերի մասնակիցների հետ, իսկ նպատակը՝ օրենքին դեմ դուրս եկած խաղաղ ցուցարարներին և քաղհասարկությանը վարկաբեկելն է: Հիմնական նարատիվը կայանում է նրանում, որ «Գործակալների օրենքի» դեմ պայքարող տասնյակ հազարավոր ուսանողները, ցուցարարները «ընդդիմադիր կոնկրետ կուսակցությունների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են»:
Բացի այդ, տարածում են նարատիվ, թե ցույցերը կազմակերպում են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ: Ի դեպ, ցույցի կազմակերպիչների ցուցակը կարելի է գտնել «ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածված «միջոցառումներ» բաժնում: Որոշ ցույցերի կազմակերպիչները Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպություններն են: Վերջին երեք օրերի ընթացքում ուսանողների շրջանում տեղի ունեցած ցույցերն ու երթերը ինքնաբուխ և ինքնակազմակերպ են: