Վրաստանի խորհրդարանի դիմաց շարունակական բողոքի ցույցի մասնակիցները փակեցին Ռուսթավելի պողոտայի ճանապարհը, իսկ այնուհետև՝ սկսեցին շարժվել դեպի Արդարադատության տուն: Ցույցի մասնակիցները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ և վանկարկում են՝ «Ոչ ռուսական ռեժիմին», «Կեցցե Եվրամիությունը», «Կեցցե Վրաստանը»։ Նրանց խոսքով՝ իրենք չեն դադարեցնի բողոքի ակցիաները, քանի դեռ իշխող կուսակցությունը հետ չի կանչել նշված օրինագիծը։
Ցույցի կազմակերպիչներից, «Դաֆիոն» ուսանողական շարժման անդամ Զվիադ Ծեկլաձեի խոսքով, իրենց նպատակն է երիտասարդների շրջանում ավելի խորացնել նրանց իրազեկումը, թե ինչու է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը վտանգավոր Վրաստանի ժողովրդի համար:
Նշենք, որ վերջին երկու օրերին տեղի ունեցող ցույցերն ինքնակազմակերպված են, ուսանողները նշում են, որ չեն պատրաստվում դադարել բողոքի ալիքը, քանի որ առաջին հերթին օրենքի հետևանքները հենց իրենց վրա են անդրադառնալու՝ այլևս չեն օգտվելու փոխանակման ծրագրերից դեպի Եվրոպական երկրներ, չեն կարողանալու ուսում ստանալ արտերկրում, չեն կարողանալու ստանալ ոչ ֆորմալ կրթություն:
Նշենք, որ մեկ շաբաթ անընդմեջ վրաց քաղհասարակությունն ու եվրոպական հեռանկարով մտահոգ քաղաքացիները բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց՝ ընդդեմ «ռուսական օրենքի»: Փաստացի՝ Ռուսթավելիի պողոտան երեկոյան 19:00-ից կաթվածահար էր լինում: Երեկ բողոքի ակցիան շարունակվել է Վրաստանի կառավարության շենքի մոտ, որտեղ մոբիլիզացված էին հատուկջոկատայիններ, ոստիկանական խումբ և ջրջան մեքենա: Օրեր առաջ հատուկջոկատայինները ծեծի էին ենթարկել ցուցարարներին, խախտելով նրանց իրավունքները:
Քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն օրենքն անվանում է ռուսական և կարծում է, որ իշխող կուսակցության նպատակն է սահմանափակել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ աշխատող կազմակերպությունների իրավունքները և արգելափակել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ դեպի Եվրամիություն առաջընթացի վրա։