Խորհրդարանը չեղարկեց օֆշորներից ընկերությունների տեղափոխման հարկերը

Լուսանկարը՝ formulanews-ից

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների օրենքի նախագիծը, որով չեղյալ է հայտարարվում օֆշորներից ընկերությունների տեղափոխման հարկերը։ Փաստաթղթի ընդունմանը կողմ է արտահայտվել 73 պատգամավոր, դեմ՝ ինը։

Ընդդիմությունը կարծում է, որ իշխող կուսակցությունը փոփոխություններն արագացված կարգով է կատարում՝ ելնելով «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի շահերից։ Իշխող կուսակցությունը հերքում է այս պնդումը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարող է վետո դնել օրենքի նախագծի վրա, սակայն իշխող կուսակցության համար դժվար չի լինի հաղթահարել այն։ Վետոյի հաղթահարման համար անհրաժեշտ է 76 ձայն, իսկ խորհրդարանական մեծամասնությունն 83 պատգամավոր ունի։

Վրացի վերլուծաբանները կարծում են՝ իշխանությունը, որը թափանցիկության անվան տակ սաբոտաժի է ենթարկում Վրաստանի եվրաինտեգրումը, հեշտացնում է օֆշորներից Վրաստան ակտիվների փոխանցման օրենքը, որը հարմարեցված է օլիգարխ Իվանիշվիլիին և նրա շրջապատի մարդկանց:

Transparency International Georgia հասարակական կազմակերպության կողմից 2022 թվականի ապրիլին հրապարակված հետազոտության համաձայն, 2012-2019 թվականներին Իվանիշվիլին օֆշորային ընկերությունների միջոցով ունեցել է առնվազն 10 ռուսական ընկերություն, որը հանդիսանում է փոխկապակցված և հարակից ընկերությունների ավելի լայն ցանցի մաս։ Իվանիշվիլին 2011 թվականին քաղաքականություն մտնելիս խոստացել էր օտարել ռուսներին պատկանող բիզնեսները, որպեսզի հասարակությունն ավելորդ հարցեր չունենա։

Աղմկահարույց նոր օրինագծի մասին ավելին՝ ստորև հոդվածում:

 

Իվանիշվիլիին հարմարեցված օրենք է. կարծիքներ աղմկահարույց նոր օրինագծի մասին