Ապրիլի 20-ին Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում կանայք երթ կանցկացնեն՝ ընդդեմ ռուսական օրենքի: Երթի մասին մանրամասները՝ այստեղ:
Կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունները հանդես են գալիս հայտարարությամբ.
«Մենք՝ կանայք, ևս մեկ անգամ կոչ ենք անում խորհրդարանին հետ կանչել ռուսական օրենքը։ Անթույլատրելի է այս երկրի 53% կին ընտրողներին լռեցնել ռուսական օրենքով։
Մեր ձայնը բոլոր կանանց ձայնն է, այդ թվում՝ արտագաղթած և միայնակ մայրերի, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների կանանց, որոնք բնակվում են Վրաստանի տարբեր շրջաններում, հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի և հաշմանդամություն ունեցող մայրերի, տարեցների, երիտասարդների, բռնության զոհերի, տեղահանվածների, նրանց, ովքեր ապրում են կոնֆլիկտային գոտիներում ու բոլոր այն կանանց ձայնը, ովքեր մեր երկրի պատմության յուրաքանչյուր փուլում ազգային կարևոր առաքելություն են իրականացրել։
Մենք ապրում ենք մի պետությունում, որը երբեք պատշաճ կերպով չի պաշտպանել կանանց իրավունքները և երբեք չի հետաքրքրվել մեր խնդիրներով։ Ռուսական օրենքով մեզ վերջնականապես դուրս են մղում բոլոր ոլորտներից։ Մենք այլևս չենք կարողանա բարձրաձայնել, երբ բռնության ենթարկվենք, բուժում փնտրենք, մեր երեխաները դեղորայքի կարիք ունենան, քաղցկեղով հիվանդ կանայք և ընտանիքի անդամները օգնություն խնդրեն, կամ բախվենք որևէ այլ խնդրի․ խորհրդարանում մեր շահերը պաշտպանողներ չեն լինի, ինչպես նաև անկախ լրատվամիջոց չի լինի, որ մեր ձայնը բարձրացնի։
Ռուսական օրենքը և գենդերային քվոտաների վերացումն ընդհանուր նպատակ ունեն՝ պահպանել իշխանությունը, որն էլ ավելի մեծ վտանգ է ներկայացնում Վրաստանում ապրող բոլոր կանանց համար։ Չեղարկելով գենդերային քվոտան՝ խորհրդարանն անտեսեց վրացի ընտրողների 65 տոկոսի կարծիքը, ովքեր կողմ էին քվոտաներին։ Կոչ ենք անում խորհրդարանին լսել կանանց ձայնը, հաշվի առնել նախագահի վետոն ու մոտիվացված նկատառումները: Մի՛ վերացրեք գենդերային քվոտան:
Ապրիլի 20-ին մենք՝ կանանց շարժումը երթ կանցկացնենք ողջ Վրաստանում և բոլորին կզգուշացնենք, որ մեր ձայնը որոշիչ է։
Ո՛չ ռուսական օրենքին:
Այո՛ Եվրոպային»։