ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին արձագանքել է «գործակալների մասին օրենքի» շուրջ զարգացումներին և կոչ է արել Վրաստանի իշխանություններին չընդունել օրենք, որը հակասում է Վրաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության ցանկություններին՝ լիակատար ինտեգրմանը Եվրամիությանը։
«Մենք չափազանց հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից, որ առաջ է մղում Կրեմլից թելադրված «օտարերկրյա ազդեցության» օրինագիծը», — ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
Նրա խոսքով, իրենք համամիտ են եվրոպացի դաշնակիցների դիրքորոշմանը, որ այդ օրենքի ընդունումը կարող է վնասել Վրաստանի առաջընթացին դեպի Եվրամիություն. «Վրաստանն ունի ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը ծառայում է իր քաղաքացիներին և աշխատում է բարելավել Վրաստանի տնտեսությունը: Առաջարկվող օրենքի ընդունումը կարող է սահմանափակել խոսքի ազատությունը, խարանել այն կազմակերպություններին, որոնք օգնում են Վրաստանի քաղաքացիներին և խոչընդոտել անկախ լրատվամիջոցներին, որոնք աշխատում են վրացիներին որակյալ տեղեկատվության հասանելիություն ապահովելու համար»:
Պետդեպարտամենտը կոչ է արել բոլոր կողմերին հարգել խաղաղ հավաքների իրավունքը։
Նշենք, որ երեք օր անընդմեջ վրաց քաղհասարակությունն ու եվրոպական հեռանկարով մտահոգ քաղաքացիները բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց՝ ընդդեմ «ռուսական օրենքի»: Փաստացի՝ Ռուսթավելիի պողոտան երեկոյան 19:00-ից կաթվածահար էր լինում: Երեկ բողոքի ակցիան շարունակվել է Վրաստանի կառավարության շենքի մոտ, որտեղ մոբիլիզացված էին հատուկջոկատայիններ, ոստիկանական խումբ և ջրջան մեքենա: Ցուցարարները բողոքի ակցիան կշարունակեն նաև այսօր:
Քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն օրենքն անվանում է ռուսական և կարծում է, որ իշխող կուսակցության նպատակն է սահմանափակել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ աշխատող կազմակերպությունների իրավունքները և արգելափակել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ դեպի Եվրամիություն առաջընթացի վրա։