Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ։ Նրանք կարծում են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած «ռուսական օրենքը» հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, Վրաստանի ժողովրդի կամքին, որ Վրաստանը դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, Վրաստանի ինքնիշխանության ապահովման երկարաժամկետ նպատակին։
Կողմերը պնդում են, որ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նպատակը «Վրաստանի եվրոպական ապագան սպանելն է»։
«Վախեցած ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին, օգտագործելով ագրեսիվ պատգամավորական խումբը և բռնի ոստիկանական ստորաբաժանումը, փորձում է սպանել Վրաստանի եվրոպական ապագան, որին ընդդիմանում է համերաշխ, ուժեղ, միասնական վրացական հասարակությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Քաղաքական կուսակցություններն ասում են, որ հիմնական պայքարը դեռ առջևում է. «Չնայած այն հանգամանքին, որ «Վրացական երազանքն» առաջին ընթերցմամբ ընդունել է ռուսական օրենքը, հիմնական պայքարը դեռ առջևում է։ Մենք՝ Վրաստանի ժողովրդավարական, արևմտամետ քաղաքական կուսակցություններս, գիտակցում ենք այս պայքարում միասնական ջանքերի կարևորությունը և օրենքի երկրորդ ընթերցման օրվա համար հայտարարում ենք լիարժեք համակարգման և մոբիլիզացիայի մասին, որպեսզի մեր ժողովրդի հետ միասին ամեն ինչ անենք փրկելու համար երկրի եվրոպական ապագան:
Վրաստանի ժողովուրդը եղել է, կա և կլինի մեր երկրի եվրոպական և եվրատլանտյան ապագայի գլխավոր երաշխավորը, և այս ընտրության դեմ ցանկացած փորձ դատապարտված է անխուսափելի փլուզման։ Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին, ո՛չ ռուսական կառավարությանը»:
Հայտարարությունը տարածող քաղաքական կուսակցություններն են՝ «Ախալի», «Գիրչի- առավել ազատություն», «Դրոա», «Միացյալ ազգային շարժում», «Լելո», «Ռազմավարությունը Աղմաշենեբելի»:
Ընդգծենք՝ խորհրդարանը «ռուսական օրենքն» առաջին ընթերցմամբ ընդունել է ապրիլի 17-ին: Վրաստանի խորհրդարանի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ «գործակալների մասին օրենքի» 3-րդ եզրափակիչ լսումների հաշվարկային օրը մայիսի 17-ն է:
Նշենք, որ երեք օր անընդմեջ վրաց քաղհասարակությունն ու եվրոպական հեռանկարով մտահոգ քաղաքացիները բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց՝ ընդդեմ «ռուսական օրենքի»: Փաստացի՝ Ռուսթավելիի պողոտան երեկոյան 19:00-ից կաթվածահար էր լինում: Երեկ բողոքի ակցիան շարունակվել է Վրաստանի կառավարության շենքի մոտ, որտեղ մոբիլիզացված էին հատուկջոկատայիններ, ոստիկանական խումբ և ջրջան մեքենա: Ցուցարարները բողոքի ակցիան կշարունակեն նաև այսօր:
Քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն օրենքն անվանում է ռուսական և կարծում է, որ իշխող կուսակցության նպատակն է սահմանափակել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ աշխատող կազմակերպությունների իրավունքները և արգելափակել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ դեպի Եվրամիություն առաջընթացի վրա։