Վրաստանի հարցերով աշխատող Եվրախորհրդարանի երեք բարձրաստիճան պատգամավորներ հայտարարել են, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծն անհամատեղելի է Եվրամիության արժեքների և ժողովրդավարական սկզբունքների հետ։ Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել ոստիկանության կողմից ցույցերը ցրելու կապակցությամբ։
«Մենք խորապես մտահոգված ենք Վրաստանի իշխող կուսակցության կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերսկսմամբ»,- գրել են Դեյվիդ Մաքլիսթերը, Մարինա Կալիուրանդը և Սվեն Միքսերը:
Դեյվիդ Մաքլիսթերը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, Մարինա Կալիուրանդը՝ Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահը, Սվեն Միքսերը Եվրախորհրդարանի էստոնացի պատգամավոր է և Վրաստանի հարցով խոսնակ:
Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով, ապրիլի 17-ին խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը հարձակում է անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական կազմակերպությունների վրա. «Այս օրենքն անհամատեղելի է ԵՄ արժեքների և ժողովրդավարական սկզբունքների հետ։ Վերջինս հակադրվում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հավակնություններին և սպառնում երկրի եվրատլանտյան ինտեգրմանը»:
Վրաստանի կառավարությանն ու խորհրդարանին նրանք կոչ են արել «չդավաճանել վրաց ժողովրդի նկրտումներին»։ Ապրիլի 18-ին հրապարակված հայտարարության մեջ երեք պատգամավորները մտահոգություն են հայտնել հատուկջոկատայինների կողմից ցուցարարներին ցրելու նպատակով ուժի կիրառման կապակցությամբ. «Խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնելու իրավունքը հիմնարար իրավունք է և պետք է հավատարմորեն պաշտպանվի, հատկապես ԵՄ անդամակցության ձգտող երկրում։ Խաղաղ ցուցարարների նկատմամբ անխտիր ուժի կիրառումն արդարացված չէ»:
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Վրաստանի իշխանություններին «ապահովել խոսքի և հավաքների ազատության պաշտպանությունը և կանխել բռնության էսկալացիան»։ Նրանք ևս մեկ անգամ հիշեցրել են Վրաստանի իշխանություններին, որ Եվրահանձնաժողովի սահմանած հանձնարարականները դեռ պետք է կատարվեն։
Նշենք, որ երեք օր անընդմեջ վրաց քաղհասարակությունն ու եվրոպական հեռանկարով մտահոգ քաղաքացիները բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց՝ ընդդեմ «ռուսական օրենքի»: Փաստացի՝ Ռուսթավելիի պողոտան երեկոյան 19:00-ից կաթվածահար էր լինում: Երեկ բողոքի ակցիան շարունակվել է Վրաստանի կառավարության շենքի մոտ, որտեղ մոբիլիզացված էին հատուկջոկատայիններ, ոստիկանական խումբ և ջրջան մեքենա: Ցուցարարները բողոքի ակցիան կշարունակեն նաև այսօր:
Քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն օրենքն անվանում է ռուսական և կարծում է, որ իշխող կուսակցության նպատակն է սահմանափակել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ աշխատող կազմակերպությունների իրավունքները և արգելափակել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ դեպի Եվրամիություն առաջընթացի վրա։