Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին, որին ապրիլի 17-ին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանությունը բերման էր ենթարկել, ասել է, որ իրավապահները «մահակներով ծեծել են» իրեն:
Ըստ նրա՝ կոտրվել է իր կողերից մեկը. «Վաժա Սիրաձեի (Պարեկային ոստիկանության վարչության տնօրեն — հեղ.) ցուցումով մի քանի ոստիկան քաշքշել են ինձ, քաշքշելու ժամանակ փորձել եմ փախչել, ընկած վիճակում ծեծի են ենթարկել»:
Ի դեպ, երեկվա բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել 2 ցուցարարի։
Նշենք, որ երեք օր անընդմեջ վրաց քաղհասարակությունն ու եվրոպական հեռանկարով մտահոգ քաղաքացիները բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց՝ ընդդեմ «ռուսական օրենքի»: Փաստացի՝ Ռուսթավելիի պողոտան երեկոյան 19:00-ից կաթվածահար էր լինում: Երեկ բողոքի ակցիան շարունակվել է Վրաստանի կառավարության շենքի մոտ, որտեղ մոբիլիզացված էին հատուկջոկատայիններ, ոստիկանական խումբ և ջրջան մեքենա: Ցուցարարները բողոքի ակցիան կշարունակեն նաև այսօր:
Խաղաղ ցուցարարներից ոմանց բերման են ենթարկել, այդ թվում` ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիին։ Էլիսաշվիլին էր, որ խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հարվածել և հայհոյել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության քարտուղար և աղմկահարույց օրինագծի համահեղինակ Մամուկա Մդինարաձեին։
Քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն օրենքը անվանում է ռուսական և կարծում է, որ իշխող կուսակցության նպատակն է սահմանափակել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ աշխատող կազմակերպություններին և արգելափակել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ դեպի Եվրամիություն առաջընթացի վրա։