Երեկվա օրը համառոտ. ապրիլի 17

Թբիլիսիում երրորդ օրն էր՝ շարունակվում է «գործակալների մասին օրենքի» դեմ լայնամասշտաբ ցույցը։ Օրենքի նախագիծը երեկ առաջին ընթերցմամբ ընդունվել է: Աղմկահարույց «ռուսական օրենքին» կողմ քվեարկողների ցուցակը, որտեղ արձանագրված են նաև հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը:

Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Եվրոպական միության Հարևանության քաղաքականության ու ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը, Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի առաջին ընթերցմամբ ընդունման վերաբերյալ հայտարարություն են տարածել:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքել է Վրաստանում «ռուսական օրենքի» դեմ ապրիլի 16-ի գործողություններին և հայտարարել, որ ԱՄՆ-ն աջակցում է խոսքի ազատ արտահայտման ու հավաքների ազատությանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում անդրադարձել է «գործակալների մասին օրենքի» առաջին ընթերցմամբ ընդունմանը՝ ընդգծելով, թե ոչինչ չի կարող խոչընդոտել օրենքի ընդունմանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին BBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստվում է վետո դնել ընդունված «օտարերկրյա գործակալների» օրենքի վրա, նշելով՝ իր վետոն ժողովրդի ձայնն է։

Զուրաբիշվիլին դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 17-ի Եվրախորհրդի նստաշրջանում քննարկելու Վրաստանում տեղի ունեցող զարգացումները, «չնայած այն հանգամանքին, որ հարցը նիստի օրակարգում ընդգրկված չէ»։

Ապրիլի 17-ի Քվեմո Քարթլիի քաղաքացիական հասարակությունը Մառնեուլի քաղաքում «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» խորագրով հանրահավաք է անցկացրել:

Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքում ձերբակալված քաղաքացիների մեծամասնությունը մարմնական վնասվածքներ ունի, նրանցից 3-ը գտնվում են հիվանդանոցում: Ապրիլի 16-17-ը Թբիլիսիի խորհրդարանի մոտ «ռուսական օրենքի» դեմ տեղի ունեցած ցույցի ժամանակ վարչական կարգով բերման է ենթարկվել 18 քաղաքացի:

Վրաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողներից ոմանք դեմ են արտահայտվում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի նախագծին, որը հայտնի է որպես «ռուսական օրենք»: