Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Եվրոպական միության Հարևանության քաղաքականության ու ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը, Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի առաջին ընթերցմամբ ընդունման վերաբերյալ հայտարարություն են տարածել:
Բորելն ու Վարհեյը վրաստանյան զարգացումներն ու օրենքի ընդունումը խիստ մտահոգիչ են համարում: Ըստ նրանց՝ օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա դեպի Եվրամիություն Վրաստանի առաջընթացի վրա։
Նրանց պնդմամբ՝ այս օրենքը անհամատեղելի է Եվրամիության հիմնական նորմերի և արժեքների հետ։ Բորելն ու Վարհեյը մտահոգություն են հայտնում, որ չնայած Եվրամիության բազմաթիվ կոչերին՝ մերժելու օրինագիծը և չնայած զանգվածային բողոքներին, Վրաստանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքը:
«Վրաստանն ունի ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը նպաստում է ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ երկրի հաջող առաջընթացին: Առաջարկվող օրենսդրությունը կարող է սահմանափակել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ազատ գործունեությունը, ինչպես նաև արտահայտվելու ազատությունը և անարդարացիորեն խարանել այն կազմակերպություններին, որոնք օգուտ են բերում Վրաստանի քաղաքացիներին»,- նշված է համատեղ հայտարարության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է՝ Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին ձեռնպահ մնալ այնպիսի օրենսդրության ընդունումից, որը կարող է վտանգել Վրաստանի ուղին դեպի Եվրամիություն, որը աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությանը:
«Ռուսական օրենքն» ընդունվեց առաջին ընթերցմամբ. բողոքի ալիքն ահագնանում է