UFC-ի վրացի չեմպիոն Իլիա Թոփուրիան իր անձնական սոցիալական էջերում երկրի եվրաինտեգրմանն աջակցող գրառում է արել՝ անդրադառնալով իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի նախագծին։
«Ցավալի է տեսնել, թե ինչպես են հատուկ ջոկատայինները ծեծի ենթարկում ցուցարարներին, ովքեր պայքարում են բոլորի, նույնիսկ ոստիկանների բարօրության համար։ Կարևոր է, որ վրաց ժողովրդի ձայնը լսելի դառնա և հարգվի։ Ցավալի է, որ վրաց ժողովուրդը դեռ պետք է պայքարի դրա համար։ Շարժվելով դեպի Եվրոպա՝ մենք կարող ենք միասին կառուցել մեր երկրի համար ավելի բարեկեցիկ ու խաղաղ ապագա»,- գրել է Իլիա Թոփուրիան։
Սա վրացի մարզիկների միակ արձագանքը չէ: Ավելի վաղ սոցցանցում եվրաինտեգրմանն աջակցող գրառումներ էին հրապարակել Վրաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողներ Խվիչա Կվարացխելիան, Բուդու Զիվզիվաձեն,Գիորգի Չակվետաձեն Ջաբա Կանկավան, Գիորգի Մամարդաշվիլին և այլք։
Ապրիլի 16-ին Թբիլիսիում՝ խորհրդարանի մոտ ընթացող հանրահավաքում, հատուկ նշանակության ջոկատայինները «պղպեղի սփրեյ» են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ: Հանրահավաքի մասնակիցները իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից պահանջում են հետ կանչել «գործակալների օրենքը»։