ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքել է Վրաստանում «ռուսական օրենքի» դեմ ապրիլի 16-ի գործողություններին և հայտարարել, որ ԱՄՆ-ն աջակցում է խոսքի ազատ արտահայտման ու հավաքների ազատությանը։
Միլլերն ասել է, որ ԱՄՆ-ը սովորաբար պատժամիջոցներ կամ այլ միջոցներ կիրառելուց առաջ չի հայտարարում։ Նրա խոսքով, Վաշինգտոնը մտահոգված է Վրաստանում «ռուսական օրենքի» նախաձեռնման կապակցությամբ։
«Կրկնեմ, որ մենք խորապես մտահոգված ենք այս օրինագծի կապակցությամբ։ Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին, լինեն Վրաստանում, թե աշխարհի ցանկացած այլ վայրում, պարզ է, որ ԱՄՆ-ն աջակցում է խոսքի, ազատ արտահայտվելու և հավաքների ազատությանն աշխարհի ցանկացած կետում»,- ասել է Միլլերը:
Ի դեպ, ոստիկանությունը բռնության կիրառմամբ քաղաքացիներին բերման է ենթարկել: Խաղաղ բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցների դեմ կիրառվել է նաև «պղպեղի սփրեյ»։ Տեղում մեծ թվով հատուկջոկատայիններ էին մոբիզացված։
Օրինագիծը առաջին ընթերցմամբ սկսել են քննարկել ապրիլի 16-ին, լսումները կշարունակվեն նաև այսօր:
Ապրիլի 8-ին կայացած ճեպազրույցում Միլլերն ասել էր, որ օրինագիծը եթե հաստատվի, ապա այդ քայլը կհեռացնի Վրաստանին եվրոպական ճանապարհից։