Խորհրդարանի շենքի հետևի մուտքի մոտ, որտեղ այս պահի դրությամբ ընթանում է բողոքի ցույցը «ռուսական օրենքի» նախագծի ընդունման դեմ, ծեծկռտուք է սկսվել իրավապահների և ցուցարարների միջև։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ, այսպես կոչված, «պղպեղի սփրեյ» է կիրառել․ կան տուժածներ։
Ի պատասխան ոստիկանության գործողությունների՝ ցուցարարները բարձրացրել են ձեռքերը՝ ցույց տալով, որ բողոքի ակցիան խաղաղ է։
Այս պահին խորհրդարանի մոտ մոբիլիզացված են շտապ օգնության մեքենաներ, «պղպեղի սփրեյից» տուժածներին առաջին օգնություն է ցուցաբերվում։
Նշենք նաև, որ հատուկ ջոկատայինների և ցուցարարների միջև ֆիզիկական բախումից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ցուցարարների շարքերը համալրել են նաև ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների առաջնորդներն ու ներկայացուցիչները։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցումը կշարունակվի վաղը՝ ապրիլի 17-ին։
Այսօր՝ ապրիլի 16-ի ժամը 12:00-ին, Վրաստանի խորհրդարանը նստաշրջանի առաջին ընթերցմամբ քննարկել է «ռուսական օրենքը»։ Առաջին բողոքի ակցիան խորհրդարանի մոտ կայացել է ժամը 12-ին, իսկ երկրորդը մեկնարկել է երեկոյան ժամը 19-ին։
Ի դեպ, երեկ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը, Ռուսթավելիի պողոտայում ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ, առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը ստացել է «ռուսական օրենք» անվանումը։ Խորհրդարանի շենքի մոտ հատուկ ջոկատայիններ էին մոբիլիզացված, կար նաև ջրցան մեքենա։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել էին դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։ Հանրահավաքի ավարտին ցուցարարներից ոմանց բերման են ենթարկել: