Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը արձագանքել է Վրաստանում կրկին նախաձեռնած օրենքի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագծի» քննարկմանը։ Նրա խոսքով՝ այդ օրենքի նախագիծը համահունչ չէ դեպի Եվրամիություն Վրաստանի ձգտմանը և կհեռացնի Վրաստանին Եվրամիությունից։
«Վրաց ժողովուրդն անցյալ տարվա դեկտեմբերին ընտրեց եվրոպական ուղին, և դրան ի պատասխան՝ Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեց։
Ուզում եմ հստակ ասել` «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը համահունչ չէ դեպի Եվրամիություն Վրաստանի ձգտմանը, և դա ոչ թե կմոտեցնի Վրաստանին Եվրամիությանը, այլ կհեռացնի նրանից»,- գրել է Միշելն իր X-ի էջում։
Այսօր՝ ապրիլի 16-ի ժամը 12:00-ին, Վրաստանի խորհրդարանը նստաշրջանի առաջին ընթերցմամբ սկսել է «ռուսական օրենքի» քննարկումը։ Առաջին բողոքի ակցիան խորհրդարանի մոտ կայացել է ժամը 12-ին, իսկ երկրորդը մեկնարկել է երեկոյան ժամը 19-ին։
Ի դեպ, երեկ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը, Ռուսթավելիի պողոտայում ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ, առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը ստացել է «ռուսական օրենք» անվանումը։ Խորհրդարանի շենքի մոտ հատուկ ջոկատայիններ էին մոբիլիզացված, կար նաև ջրցան մեքենա։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել էին դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։ Հանրահավաքի ավարտին ցուցարարներից ոմանց բերման են ենթարկել: