Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) տեղեկություն է հրապարակել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ «գործակալների օրենքի» դեմ ակցիայի մասնակիցների ձերբակալության մասին։
Ըստ ՆԳՆ-ի՝ «հանրահավաքի մասնակիցներն անտեսել են ոստիկանների օրինական պահանջը, խախտել են հասարակական կարգը, դիմադրել իրավապահներին և խոսքով վիրավորել նրանց»։
Նույն հաղորդագրության համաձայն, ոստիկանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ (մանր խուլիգանություն) և 173-րդ (ոստիկանության օրինական պահանջին չենթարկվել) հոդվածներով բերման է ենթարկել 14 անձի։
Հայտարարության մեջ կարդում ենք, որ «ցուցարարների բռնի գործողությունների հետևանքով տուժել է ՆԳՆ մեկ աշխատակից, որին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն»։
Ի դեպ, երեկ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը Ռուսթավելիի պողոտայում ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը ստացել է «ռուսական օրենք» անվանումը։ Խորհրդարանի շենքի մոտ հատուկ ջոկատայիններ էին մոբիլիզացված, կար նաև ջրցան մեքենա։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել էին դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։ Հանրահավաքի ավարտին ցուցարարներից ոմանց բերման ենթարկեցին:
Ակցիային զուգահեռ, օրենսդիր մարմնի իրավական հանձնաժողովում շարունակվում էր «գործակալների օրենքի» քննարկումը, որը քաղհասարակությունը, ընդդիմությունը, նախագահն ու միջազգային գործընկերները կոչում են «ռուսական օրենք»: