Երեկ ողջ օրվա ընթացքում Թբիլիսի կենտրոնում բողոքի ակցիաներ էին, լարված իրավիճակ խորհրդարանի ներսում և դրսում։
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը Ռուսթավելիի պողոտայում ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը ստացել է «ռուսական օրենք» անվանումը։
Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, որտեղ քաղաքացիները ցույց էին անցկացնում «գործակալների օրենքի» դեմ, հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացվել, կար նաև ջրցան մեքենա։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայիննը փակել էին դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։ Հանրահավաքի մասնակիցներին բերման են ենթարկել:
Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակին կից գործող ազգային փոքրամասնությունների խորհուրդը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որին միացել է նաև «Ալիք Մեդիան»։
«Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան» և Վրաստանի հանրային պաշտպանն արձագանքել են առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչներին խորհրդարան մուտքի արգելքին:
Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները օկուպացված Զեմո Արցևի և Օտրևի գյուղերի (Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիա) մոտ՝ օկուպացված տարածքում, անօրինական կերպով ձերբակալել են Վրաստանի երեք քաղաքացու:
Վրաստանի կառավարությունը տեղեկատվություն է տարածել վարչապետ Իրակլի Կոբախիձեի և օտարերկրյա դեսպանների հանդիպման վերաբերյալ։ Կառավարության վարչակազմից հայտնում են, որ քննարկվել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Վրաստանի գործընկեր երկրների դեսպանները կառավարության շենք են այցելել Վրաստանի կառավարության նախօրեի հայտարարությունից հետո։