Քննադատում են լրագրողների մուտքի արգելքը խորհրդարան

«Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան» և Վրաստանի հանրային պաշտպանն արձագանքել են առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչներին խորհրդարան մուտքի արգելքին:

Օմբուդսմեն Լևան Իոսելիանին ասել է, որ «բոլոր հավատարմագրված լրատվամիջոցներին պետք է հնարավորություն տրվի լինել խորհրդարանում, լուսաբանել, քաղաքացիներին հուզող հարցերը բարձրացնել և ստանալ պատասխաններ»։

«Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան» կոչ է անում խորհրդարանին թույլատրել առցանց լրատվամիջոցների լրագրողներին ներկա գտնվելու հանձնաժողովների լսումներին:

Խարտիան կոչ է անում Վրաստանի խորհրդարանին հարգել հանրության իրավունքը՝ խորհրդարանում ընթացող քննարկման ընթացքում իրենց համար կենսական նշանակություն ունեցող հարցերի մասին տեղեկանալու, հրաժարվել առցանց լրատվամիջոցների նկատմամբ խտրական պրակտիկայից:

Ի դեպ, հենց այսօր, առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելել են մուտք գործել խորհրդարան, որտեղ քննարկվում էր «գործակալների օրենքը»:

Այսօր Վրաստանի խորհրդարանի մոտ կրկին բողոքի ակցիա է նախատեսվում ընդդեմ «ռուսական օրենքի», որը օրակարգ է վերադարձրել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:

Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնած օրինագիծը «ռուսական է» և ոչ՝ եվրոպական, կարդացեք «Օրինագիծը եվրոպական չէ. համեմատական վերլուծություն» հոդվածում:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց երկրորդ անգամ պաշտոնապես «գործակալների մասին» օրենքն օրակարգ բերելու մասին։ Անցյալ տարի այն բողոքի մեծ ալիքի ճնշման ներքո հետ էր կանչվել։

Երկրի քաղհասարակությունը, նախագահը, ընդդիմությունը մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի։