Այսօր՝ ապրիլի 15-ին, Վրաստանի խորհրդարանի մոտ կրկին բողոքի ակցիա է նախատեսվում ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի, որը օրակարգ է վերադարձրել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
«Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» խորագրով բողոքի ակցիան կմեկնարկի ժամը 19:00-ին: Կազմակերպիչները կոչ են արել այսօր տանը չմնալ, փողոց դուրս գալ՝ պայքարելու։
«Ռուսական օրենքը տարածվում է Վրաստանի բոլոր քաղաքացիների վրա: Ռուսական օրենքը մեծ պատ է Վրաստանի և Եվրոպայի միջև»,- նշում են կազմակերպիչները:
Նշենք, որ այսօր առավոտից խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում: Վրաստանի խորհրդարանը սկսել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը:
Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնած օրինագիծը «ռուսական է» և ոչ՝ եվրոպական, կարդացեք «Օրինագիծը եվրոպական չէ. համեմատական վերլուծություն» հոդվածում:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց երկրորդ անգամ պաշտոնապես «գործակալների մասին» օրենքն օրակարգ բերելու մասին։ Անցյալ տարի այն բողոքի մեծ ալիքի ճնշման ներքո հետ էր կանչվել։
Երկրի քաղհասարակությունը, նախագահը, ընդդիմությունը մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի։