Խորհրդարանում այսօր՝ ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանը սկսում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը: Քննարկմանը զուգահեռ Վրաստանի քաղհասարակությունը ցույց է անցկացնում խորհրդարանի մուտքի մոտ:
«Ոչ ռուսական օրենքին, այո Եվրոպային: Ռուսական օրենքը պատ է դառնալու Վրաստանի և Եվրոպայի միջև»,- վանկարկում են մասնակիցները: Ցույցին ներկա են նաև լրագրողներ: Ի դեպ, հենց այսօր, առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելել են մուտք գործել խորհրդարան: Տեղի ունեցածը «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները, սակայն, ապատեղեկատվություն են անվանել:
Զուգահեռաբար, քննարկում է ընթանում խորհրդարանում: Իշխող «Վրացական երազանքի» առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն իր խոսքում նշել է, որ Վրաստանում ռուսական օրենք չի ընդունվի, քանի որ տվյալ օրենքը ռուսական չէ: Ընդդիմությունը նշում է, որ տվյալ օրենքն ընդունելը երկրի շահերի դավաճանություն է: Պատգամավորների միջև կրկին վիճաբանություն է ընթանում:
Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնած օրինագիծը «ռուսական է» և ոչ՝ եվրոպական, կարդացեք «Օրինագիծը եվրոպական չէ. համեմատական վերլուծություն» հոդվածում:
Այսօր՝ ապրիլի 15-ին, Վրաստանի խորհրդարանի մոտ մի քանի բողոքի ակցիա է նախատեսվում ընդդեմ «ռուսական օրենքի», որն օրակարգ է վերադարձրել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
Ապրիլի 9-ին Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենք «Ազատության երթ» է անցկացվել:
Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության
Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և մյուսները, արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին: