Ապրիլի 13-ին Վրաստանի Թեթրիծկղարո քաղաքի «Թեթրիծղկարոյի երիտասարդական կենտրոն»-ում կայացավ «Ես և Եվրոպան» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին հաջորդեց ֆիլմի, Վրաստանի և եվրոպական արժեքների նմանությունների ու տարբերությունների մասին քննարկումը:
«Ես և Եվրոպան» Գիորգի Քվելիձեի նկարահանած վավերագրական ֆիլմն է, որն ստեղծվել է Եվրամիության աջակցությամբ, միավորում է չորս պատմություն Վրաստանի 4 շրջաններում՝ Կախեթիում, Ռաճա-Լեչխումում, Գուրիայում և Իմերեթիում: Ֆիլմը պատմում է Վրաստանի և Եվրոպայի ընդհանուր արժեքների՝ բազմազանության, հավասարության, ազատության և ժողովրդավարության մասին, չորս անձի դիտանկյունից:
Թեթրիծղարոյում ֆիլմի ցուցադրությունը կայացավ Վրաստանի «Մեդիա զարգացման հիմնադրամի» (MDF) և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
MDF-ի գործադիր տնօրենի տեղակալ Մակո Ճիլաշվիլին «Ալիք Մեդիա»-ին ասաց՝ սա ֆիլմ է բազմազանության, հավասարության, ազատության և ժողովրդավարության մասին:
«Ֆիլմն օրինակ է: Թեկուզ` Ուդաբնո գյուղի պատմությունը, որտեղ ապրում են տարբեր էթնիկ ծագման մարդիկ. և որքան ազատ ու բարեկամաբար են նրանք ապրում միասին, և սա օրինակ է, թե ինչ է Եվրոպան, ինչ է Եվրոպան Վրաստանում և Վրաստանի քաղաքացիների համար, մենք Եվրոպա ենք և կարող ենք ապրել եվրոպական արժեքներով»,- ասաց Ճիլաշվիլին:
Նա հավելեց, որ մտադրություն կա ֆիլմը ներկայացնելու նաև հայերեն ու ադրբեջաներեն ենթագրերով, որպեսզի բնակչության այդ հատվածը նույնպես հնարավորություն ունենա նայելու և հասկանալու վերոնշալ արժեքները:
Ֆիլմի մասին իր տպավորությունն «Ալիք Մեդիա»-ին հայտնեց Թեթրիծղարոյի շրջանի 15-ամյա բնակիչ Մարիամ Գելաձեն: Նրա խոսքով, իր համար Եվրոպան հավասարությունն է, խոսքի ազատությունը, բազմազանությունը, ինչի մասին էլ հենց պատմում էր ֆիլմը:
«Այսօր մենք արդեն ապագա եվրոպացիներ ենք, և Եվրոպան մեզ համար հենց ազատությունն է։ Ապագա եվրոպացիների համար ազատություն նշանակում է ունենալ ազատ մտածելու, ազատ արտահայտվելու և ընկալելու կարողություն»,- ֆիլմից ստացած իր տպավորությունը ներկայացրեց 16-ամյա Նինո Օլիսաշվիլին:
Ի դեպ, «Ես և Եվրոպան» տեղեկատվական արշավի շրջանակներում, MDF-ը ներկայացված ֆիլմի ցուցադրություն-քննարկում կանցկացնի նաև Թբիլիսիում և Վրաստանի 8 շրջաններում (մարտ-հոկտեմբեր ամիսներին): Կցուցադրվի Կախեթիում (Կղվարելի), Սամցխե Ջավախեթիում (Ախալցիխե, Ախալքալաք), Քվեմո Քարթլիում (Մառնեուլի), Իմերեթիում (Քութաիսի), Աջարիայում (Բաթումի, Խուլո), Գուրիայում (Լանչխութի) և Ռաճա-Լեչխումիում ու Քվեմո Սվանեթիում (Ամբրոլաուրի):