2023 թվականի մարտի 7-9-ին «ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիաների մասնակից 22-ամյա Լազարե Գրիգորիադիսը 9 տարվա ազատազրկման է դատապարտվեց:
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Զվիադ Շարաձեն մեկ տարվա դատավարությունից հետո հրապարակեց Գրիգորիադիսի գործով վճիռը։
Գրիգորիադիսը վճռի հրապարակմանը ներկա էր նիստերի դահլիճում, որտեղ ներկաները նրան դիմավորել են ծափահարություններով։
Գրիգորիադիսը հետաքննվել է բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» նետելու և պարեկային մեքենան այրելու համար։ Այս հանցագործությունները պատժվում են 7-11 տարվա ազատազրկմամբ։
Դատավորը Գրիգորիադիսին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 353-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայողական պարտականություններ կատարելիս ոստիկանի առողջությանը վնաս հասցնել) և 187-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով (այրելով ուրիշի գույքի ոչնչացում):
Գրիգորիադիսի փաստաբանն ասել է, որ այսօր դիմելու են նախագահին՝ ներում շնորհելու խնդրանքով։
Գրիգորիադիսի գործով դատավճռի հրապարակումը համընկավ «Վրացական երազանքի» կողմից «գործակալների մասին օրենքը» խորհրդարան քննարկման վերադարձնելու հետ. հենց այս օրենքի դեմ դուրս եկավ Գրիգորիադիսը՝ 2023 թվականի մարտին, հազարավոր երիտասարդների հետ։
Մարտի 31-ին լրացավ մեկ տարին, ինչ Գրիգորիադիսը գտնվում է «Գլդանի»-ի քրեակատարողական հիմնարկի նախնական կալանքի տակ։ Նա բանտում դարձավ 22 տարեկան։ Մարտի ցույցերի համար ձերբակալված երիտասարդը երկու տարի առաջ ընտանեկան բռնության համար դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման։