Վրաստանը՝ ավտորիտարիզմի, Հայաստանը՝ ժողովրդավարության ուղու վրա. Freedom House

Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցի համաձայն, որը ներառում է 2019-2024 թվականների տվյալները, Վրաստանը ժողովրդավարությունից շարժվում է դեպի ավտորիտար ռեժիմ: Այդ նույն տվյալներով` Հայաստանն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով:

Նշվում է, որ Վրաստանը՝ Սերբիայի և Հունգարիայի հետ միասին, ավտոկրատացման ճանապարհին հիբրիդային ռեժիմում է և մոտ է կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմի դասակարգմանը:

Զեկույցի ընդհանուր ակնարկում նշվում է, որ Վրաստանում, Հունգարիայում և Սերբիայում հիմնական ինստիտուտները՝ լրատվամիջոցներից մինչև դատարաններ, դուրս են քաղաքականացվածության մակարդակից, որն ակնկալվում է հիբրիդային ռեժիմի դասական սահմանման համաձայն։ Ըստ զեկույցի՝ այս ինստիտուտները «գրավվել են իշխող կուսակցության կողմից և չարաշահվել կուսակցական և անձնական իշխանության նպատակների համար»:

Ընդգծենք նաև, որ «Ասոցացման եռյակ»-ի երկրներից (Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) միայն Վրաստանն է ավտոկրատացման ճանապարհին հիբրիդային ռեժիմում, իսկ ահա Մոլդովան և Ուկրաինան դեմոկրատական հիբրիդային ռեժիմում են:

Freedom House-ն այսօրինակ զեկույցները (Nations in Transit) հրապարակում է 2005 թվականից ի վեր։ Ուշագրավ է, որ Վրաստանը երբեք այդքան մոտ չի եղել ավտորիտար ռեժիմի սանդղակին։