Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Հայաստանյան «Հայկական ժամանակ» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն, հայեցակարգից իրականություն» խորագրով փորձագիտական համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է ՀՀ արտագին գործերի (ԱԳ) փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Երկու երկրների կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման աշխատանքները պետք է վերսկսվեն, որոնք բավականին երկար ժամանակ դադար էին ստացել։ Երկու երկրներն էլ թարմացրել են սահմանազատման իրենց հանձնաժողովները։ Նիստ դեռևս տեղի չի ունեցել։ Երկու կողմն էլ որոշակի տնային աշխատանքներ են կատարում»,- ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:
Կոստանյանն ասել է՝ սահմանազատման գործընթացի ակտիվացումը երկու կողմի համատեղ ընկալումն է, որ այդ գործընթացը, որը շարունակվում է 30 տարի, ի վերջո` ավարտվի։ Նա հույս է հայտնել, որ առաջին նիստը չի ուշանա։
Դիտարկմանը, թե տեղեկություններ են տարածում, որ Լոռու մարզից տարածք է զիջվելու Վրաստանին, փոխնախարարն ընդգծել է՝ սահմանազատման գործընթաց է լինելու:
«Դրա տրամաբանությունը սա է՝ վերականգնել բոլոր հարևան երկրների հետ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանագիծը։ Մենք խոսում ենք համատեղ ենթակառուցվածքների ծրագրերի մասին, քաղաքական երկխոսության մասին, տարբեր քաղաքացիների միջև կապերը աշխուժացնելու մասին։ Էական էր նույնականացման քարտերով վճարում կատարելու համաձայնագիրը, ինչը թույլ է տալիս թե՛ քաղաքացիներին, թե՛ բիզնեսին անխոչընդոտ ճանապարհորդել Հայաստան-Վրաստան ու հակառակ ուղղությամբ»,- ասել է Կոստանյանը:
Նրա խոսքով, այսօրվա միջոցառումը նույնպես կօգնի հարստացնել օրակարգը։
Հիշեցնենք՝ 2024 թվականի հունվարի 26-27-ը Թբիլիսիում անցկացված Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղարիբաշվիլիի հետ պայմանավորվել են գործնական քայլեր ձեռնարկել հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ։