Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաներկայացման կապակցությամբ Վրաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ներկայացուցչությունը խոր մտահոգություն է հայտնել։ ՄԱԿ-ի ներկայացուցչության կարծիքով` օրինագծի ընդունումը կվտանգի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների գործունեությունը։
«Կարծում ենք, նշված օրինագծի ընդունումը կվտանգի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների գործունեությունը և նրանց կարևորագույն ներդրումը վրացական ժողովրդավարության և ընդհանրապես հասարակության զարգացման գործում»,- ասված է հայտարարության մեջ։
ՄԱԿ-ի ներկայացուցչությունը խորհրդարանին կոչ է արել հետ կանչել «գործակալների մասին օրենքը»: Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը նշել է այն խմբերը, որոնք, «գործակալների մասին» օրենքի ընդունման դեպքում, կարող են մնալ առանց օգնության. «Վրաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպություններն էական աջակցություն են ցուցաբերում հասարակության առավել խոցելի խմբերին և պաշտպանում նրանց իրավունքները։ Քաղաքացիական հասարակության գործունեության խափանումը կարող է հաշմանդամություն ունեցող անձանց, տեղահանվածներին, փոքրամասնությունների ներկայացուցիչներին, տարեցներին, կանանց, երիտասարդներին, երեխաներին, ընտանեկան բռնության զոհերին և աջակցության ու օգնության կարիք ունեցող այլ մարդկանց թողնել առանց համապատասխան օգնության:
Ավելի քան երեք տասնամյակ Միավորված ազգերի կազմակերպությունը Վրաստանի հուսալի գործընկերն է, որն աջակցում է երկրի զարգացմանը՝ ազգային առաջնահերթություններին համապատասխան և մեր տեղական գործընկերների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների հետ միասին, օգնություն է տրամադրում վրաց ժողովրդին»:
ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցչությունն անդրադարձել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի վերլուծական գնահատականին, որը պատրաստվել է Վրաստանի հանրային պաշտպանի խնդրանքով և խաղաղ հավաքների ու վերամիավորման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հետ խորհրդակցելով, եւ ըստ որի՝ օրենքի նախագիծը չի համապատասխանում Վրաստանի միջազգային պարտավորությունների ոգուն։
ՄԱԿ-ը իր մտահոգությունն է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանը կիրառել է արագացված ընթացակարգ՝ վերացնելու նպատակով պարտադիր ընտրական գենդերային քվոտաները։
Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է արել Վրաստանի իշխանություններին գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու գործողությունները, որոնք կխոչընդոտեն Վրաստանի միջազգային պարտավորությունների կատարմանը և կվտանգեն երկրի ժողովրդավարական զարգացումը։
Երեկ՝ ապրիլի 8-ին, Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում քննարկվեց և պաշտոնապես գրանցվեց «գործակալների մասին» օրենքի նախագիծը: Քննարկումն ընթացավ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև աղմուկի ու հակասությունների պայմաններում։
Ի դեպ, այսօր՝ ապրիլի 9-ի ժամը 18:00-ին, Հանրապետության հրապարակից (Ռեսպուբլիկիս մոեդանի) խորհրդարանի ուղղությամբ կանցկացվի ազատության երթ ընդդեմ «ռուսական օրենքի»։
Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնած օրինագիծը «ռուսական է» և ոչ՝ եվրոպական, կարդացեք «Օրինագիծը եվրոպական չէ. համեմատական վերլուծություն» հոդվածում:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանում արդեն գրանցել է «նոր նախաձեռնություն», որը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծ։ Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվեն հանձնաժողովի քննարկումները։ «Վրացական երազանք»-ի հետ առնչություն ունեցող էջերում հրապարակված գրառումները, որոնցում «գործակալների օրենքը» ներկայացվում էր դրական լույսի ներքո և կառավարության փաստարկները, թե «ինչու օրենքը ռուսական չէ», Facebook-ում նշվում է որպես կեղծ տեղեկատվություն։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աջակցում է իր քաղաքական թիմի նախաձեռնությունը, չնայած այն բանին, որ նրանք 2023-ին հայտարարել էին, որ այս օրինագիծն այլևս չի քննարկվի:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել է «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։
Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները՝ որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան ներկայացրած «ռուսական օրենքի» հակակշիռ, գրանցել են «Օկուպանտ պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» օրենքի նախագիծը։
Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և մյուսները, արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին:
Իշխանությունը, «ռուսական օրենքը» օրակարգ վերադարձնելով, հավանաբար, փորձում է ընտրություններից առաջ հնարավորինս լարել իրավիճակը երկրում` խառնաշփոթից օգուտ քաղելու նպատակով. սրանով իսկ սաբոտաժի է ենթարկում Վրաստանի եվրոպական ուղին, կարծում են վրացի փորձագետները:
Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքերը