ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ «գործակալների մասին օրենքի» վերսկսման կապակցությամբ։
Ապրիլի 8-ին կայացած ճեպազրույցում մամուլի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ եթե օրինագիծը հաստատվի, ապա այդ քայլը կհեռացնի Վրաստանին եվրոպական ճանապարհից։ Նա, սակայն, նշել է, որ դեռ չի խոսել այն մասին, թե ինչ քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ը, եթե օրինագիծը հաստատվի։
«Հայտարարության մեջ մենք հստակ նշել ենք, որ խորապես մտահոգված ենք: Եթե նախագիծն ընդունվի, կվնասի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատում են վրացի ժողովրդի կյանքը բարելավելու ուղղությամբ: Դա Վրաստանին կհեռացնի եվրոպական ճանապարհից: Այս օրենքը կխոչընդոտի անկախ լրատվամիջոցների գործունեությանը, որոնք աշխատում են Վրաստանի քաղաքացիներին որակյալ տեղեկատվության հասանելիությունն ապահովելու ուղղությամբ: Դա դեռ օրենքի նախագիծ է, հավանության չի արժանացել, ուստի այսօր չեմ խոսի մեր կողմից ձեռնարկվելիք որևէ հնարավոր արդյունքի կամ քայլերի մասին»,- ասել է Միլլերը:
Լրագրողի ճշտող հարցին՝ խոսքն օրինագիծը սատարող պատգամավորների նկատմամբ պատժամիջոց կիրառելո՞ւ մասին է, Միլլերն այսպես է պատասխանել. «Հիմա մենք հասկացնում ենք, որ մեզ մտահոգում է այս օրինագիծը, իսկ թե ինչ կարող ենք անել, եթե գործընթացն առաջ գնա, սպասենք. այսօր ասելիք չունեմ»:
Երեկ՝ ապրիլի 8-ին, Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում քննարկվեց և պաշտոնապես գրանցվեց «գործակալների մասին» օրենքի նախագիծը: Քննարկումն ընթացավ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև աղմուկի ու հակասությունների պայմաններում։
Ի դեպ, այսօր՝ ապրիլի 9-ի ժամը 18:00-ին, Հանրապետության հրապարակից (Ռեսպուբլիկիս մոեդանի) խորհրդարանի ուղղությամբ կանցկացվի ազատության երթ ընդդեմ «ռուսական օրենքի»։
Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնած օրինագիծը «ռուսական է» և ոչ՝ եվրոպական, կարդացեք «Օրինագիծը եվրոպական չէ. համեմատական վերլուծություն» հոդվածում:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանում արդեն գրանցել է «նոր նախաձեռնություն», որը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծ։ Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվեն հանձնաժողովի քննարկումները։ «Վրացական երազանք»-ի հետ առնչություն ունեցող էջերում հրապարակված գրառումները, որոնցում «գործակալների օրենքը» ներկայացվում էր դրական լույսի ներքո և կառավարության փաստարկները, թե «ինչու օրենքը ռուսական չէ», Facebook-ում նշվում է որպես կեղծ տեղեկատվություն։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աջակցում է իր քաղաքական թիմի նախաձեռնությունը, չնայած այն բանին, որ նրանք 2023-ին հայտարարել էին, որ այս օրինագիծն այլևս չի քննարկվի:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել է «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։
Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները՝ որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան ներկայացրած «ռուսական օրենքի» հակակշիռ, գրանցել են «Օկուպանտ պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» օրենքի նախագիծը։
Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և մյուսները, արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին:
Իշխանությունը, «ռուսական օրենքը» օրակարգ վերադարձնելով, հավանաբար, փորձում է ընտրություններից առաջ հնարավորինս լարել իրավիճակը երկրում` խառնաշփոթից օգուտ քաղելու նպատակով. սրանով իսկ սաբոտաժի է ենթարկում Վրաստանի եվրոպական ուղին, կարծում են վրացի փորձագետները:
Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքերը