Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) «անհիմն» է որակել Թբիլիսիում ամերիկացի դիվանագետների դեմ ռուսական ակուստիկ զենքի կիրառման հավանականությունը:
ՊԱԾ-ը Վրաստանում «Հավանայի համախտանիշի» հնարավոր հայտնաբերման առնչությամբ հայտարարել է, որ երկիրը տվել է «լիովին սպառիչ պատասխան», և այլևս անհրաժեշտ չի համարում կրկին ապացուցել այդ կասկածի «անհիմն» լինելը։ ՊԱԾ-ի հայտարարության մեջ գրված է, որ «անվտանգությունը երկրում պահպանվում է առավելագույն մակարդակով»։
Հայտարարությունը վերաբերում է The Insider-ի, PBS-ի և Der Spiegel-ի համատեղ լրագրողական հետաքննության արդյունքում բացահայտված հանգամանքներին, որոնց համաձայն՝ աշխարհի տարբեր երկրներում աշխատող ամերիկացի դիվանագետներն ու անվտանգության աշխատակիցները խոսել են «Հավանայի համախտանիշի», «անոմալ առողջական խնդիրների» մասին` նշելով, որ դա ռուսական հատուկ ծառայությունների գաղտնի գործողությունների հետևանք է։ Լրագրողական հետաքննության մեջ բերված դեպքերից մեկը վերաբերում էր 2021 թվականի հոկտեմբերի 7-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած միջադեպին, որտեղ գտնվում է «Ամերիկյան ավանը»։ Լրագրողական այս հետաքննությանն անդրադարձել են նաև վրացական լրատվամիջոցները։
«Այնպիսի իրավասու գերատեսչություններ, ինչպիսիք են Ամերիկայի Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունը և Պետդեպարտամենտը, կասկածելի են համարել առաջարկվող լրագրողական հետաքննության արդյունքների հավաստիությունը և չեն հաստատել լրագրողների հրապարակած փաստերի առկայությունը ոչ միայն 2021 թվականին Վրաստանում, այլև տարբեր տարիներին աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Կուբայում և այլուր»,- ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։
Ապրիլի 1-ին հրապարակվել է The Insider-ի, PBS-ի և Der Spiegel-ի համատեղ լրագրողական հետաքննությունը, ըստ որի՝ 2021 թվականի հոկտեմբերի 7-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասի «Ամերիկյան ավանում» ամերիկացի դիվանագետի կինը լվացք անելիս հանկարծակի խլացնող աղմուկ է լսել, և նրա գլուխն սկսել է անտանելի ցավել։
Ռուսական ակուստիկ զենքն ընդդեմ Թբիլիսիում ամերիկացի դիվանագետների