Թբիլիսիում ապրիլի 9-ին տեղի ունեցած ողբերգությունից անցել է 35 տարի: 1989-ի այս օրվա լուսադեմին Թբիլիսիի կենտրոնում խորհրդային զինուժը ցրեց բողոքի ցույցը, 21 մարդ զոհվեց, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին գազից, որի բաղադրությունը մինչ օրս անհայտ է:
Այսօր՝ ապրիլի 9-ի վաղ առավոտից քաղաքացիները Վրաստանի խորհրդարանի առջև հարգանքի տուրք են մատուցում ողբերգության զոհերի հիշատակին:
Վրաստանում ապրիլի 9-ը նշվում է որպես ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր: Սա նաև Վրաստանի անկախության վերականգնման օրն է: Ավանդաբար, այս օրը նշվում է Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ապրիլի 9-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ: Մարդիկ գիշերվանից են սկսում մոմավառությունը, որը շարունակվում է մինչև առավոտ:
1989-ի ապրիլի 9-ին ԽՍՀՄ ներքին զորքերի հատուկ նշանակության ջոկատները հարձակվեցին Ռուսթավելի պողոտայում գտնվող անկախության կողմնակից ցուցարարների վրա: 21 ցուցարար մահացավ փողոցում` 3 տղամարդ, 19 կին` 3-ն անչափահաս:
1989 թվականի ապրիլի 9-ը Վրաստանի համար շրջադարձային եղավ: Ուղիղ երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, ազգային շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան` Վրաստանի ապագա նախագահը, հայտարարեց Վրաստանի անկախությունը վերականգնելու մասին: Որոշումն ընդունվել է 1991 թվականի մարտի 31-ին անցկացված համապետական հանրաքվեի հիման վրա, որի ընթացքում վրաց հասարակության ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախության հռչակմանը և Վրաստանի` ԽՍՀՄ կազմից դուրս գալուն:
Գամսախուրդիան` սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով, երկիրը չկառավարեց անգամ մեկ տարի։ Նա ստիպված էր երկրից փախուստի դիմել, միայն 1993-ին կարողացավ վերադառնալ Վրաստան, սակայն անհայտ հանգամանքներում նրան մահացած գտան երկրի արևմտյան շրջանում՝ Սամեգրելոյում։ Հետաքննության պաշտոնական վարկածով` Գամսախուրդիան ինքնասպանություն է գործել։ Նրա ընտանիքի անդամներն ու համախոհները մինչ օրս, սակայն, համամիտ չեն հետաքննության արդյունքներին և մեղադրում են նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեին։