Վրաստանյան հասարակական կազմակերպությունները (ՀԿ) համատեղ հայտարարություն են տարածել և դիմել իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներին, որոնք տարիներ շարունակ աշխատել են ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ֆինանսավորվող կազմակերպություններում:
«Կոչ ենք անում նրանց հրապարակայնորեն ներկայացնել վրաց ժողովրդին` ինչ-որ մեկը հրահանգե՞լ է իրենց գործել հօգուտ օտար պետության շահերի, և եթե` այո, ապա նշել կոնկրետ դեպքեր», — հարց են ուղղել ՀԿ-ները:
Հայտարարության հեղինակները հատկապես դիմել են.
- ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեին (9 տարի աշխատել է ԱՄՆ-ում և ՄԱԿ-ի կազմակերպություններում),
- խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին (17 տարի աշխատել է գերմանական հիմնադրամում),
- խորհրդարանական մեծամասնության անդամներ Գիվի Միքանաձեին (10 տարի ֆինանսավորում է ստացել Եվրոպայի խորհրդից, ԵԱՀԿ-ից, ՄԱԿ-ից և ԵՄ-ից), Ռատի Իոնաթամիշվիլիին (ֆինանսավորում է ստացել 9 տարի Եվրամիությունից, USAID-ից և այլ միջազգային հիմնադրամներից), Նիկոլոզ Սամխարաձեին (11 տարի աշխատել է ԵՄ և ՄԱԿ-ի ծրագրերում), Արչիլ Թալակվաձեին (3 տարի աշխատել է ԱՄՆ կազմակերպություններում և «Սորոսի» հիմնադրամ-ում) և Մաիա Բիթաձեին (15 տարի աշխատել է ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Համաշխարհային բանկի կազմակերպություններում):
«Այսօր նրանք հայտարարում են, որ այդ կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ ներկայացրել են իրենք, գործում են օտար պետությունների շահերից ելնելով և սպառնալիք են Վրաստանի համար»,- ընդգծել են ՀԿ-ները:
ՀԿ-ները պնդել են՝ վրացական ոչ կառավարական կազմակերպությունները գործել են, գործում են և կշարունակեն գործել իրենց կանոնադրությամբ նախատեսված նպատակներին հասնելու, Վրաստանի քաղաքացիների շահերի պաշտպանության և Վրաստանում ժողովրդավարական հասարակական ինստիտուտների ամրապնդման համար:
Ստորագրող կազմակերպություններն են՝ «Մարդու իրավունքների կենտրոն», «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ», «Կառավարության մոնիտորինգի կենտրոն», «Բազմակուսակցական ժողովրդավարության կենտրոն», «Կանաչ այլընտրանք», «Խորհրդային անցյալի հետազոտությունների լաբորատորիա», «Սալամ» հարթակ, «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» և այլն:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանում արդեն գրանցել է «նոր նախաձեռնություն», որը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծ։ Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվեն հանձնաժողովի քննարկումները։ «Վրացական երազանք»-ի հետ առնչություն ունեցող էջերում հրապարակված գրառումները, որոնցում «գործակալների օրենքը» ներկայացվում էր դրական լույսի ներքո և կառավարության փաստարկները, թե «ինչու օրենքը ռուսական չէ», Facebook-ում նշվում է որպես կեղծ տեղեկատվություն։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աջակցում է իր քաղաքական թիմի նախաձեռնությունը, չնայած այն բանին, որ նրանք 2023-ին հայտարարել էին, որ այս օրինագիծն այլևս չի քննարկվի:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել է «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։
Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները՝ որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան ներկայացրած «ռուսական օրենքի» հակակշիռ, գրանցել են «Օկուպանտ պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» օրենքի նախագիծը։
Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և մյուսներն արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին:
Իշխանությունը, «ռուսական օրենքը» օրակարգ վերադարձնելով, հավանաբար, փորձում է ընտրություններից առաջ հնարավորինս լարել իրավիճակը երկրում` խառնաշփոթից օգուտ քաղելու նպատակով. սրանով իսկ սաբոտաժի է ենթարկում Վրաստանի եվրոպական ուղին, կարծում են վրացի փորձագետները:
Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքերը