Ընդդիմադիր 7 կուսակցություն հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ և դատապարտում իշխող կուսակցության կողմից «ռուսական օրենքը» կրկին խորհրդարան ներկայացնելը: Նրանց կարծիքով, այս օրենքի ընդունումը դավաճանություն է Վրաստանի եվրոպական ճանապարհին։
«Մենք՝ վրացական արևմտամետ քաղաքական ուժերս, դատապարտում ենք «Վրացական երազանք»-ի կողմից ռուսական օրենքի շրջանառությունը։ Սա հերթական անգամ Վրաստանի քաղաքացիներին և մեր ռազմավարական գործընկերներին տրված խոստումը դրժել է, ծաղր է այն երիտասարդների նկատմամբ, ովքեր մեկ տարի առաջ պաշտպանեցին մեր պատմական ընտրությունը, որով մեր երկիրը պահպանեց Եվրամիության լիիրավ անդամ դառնալու հնարավորությունը։
Այսօր «Վրացական երազանքի» միակ նպատակը իշխանությունն ու հակապետական, կոռուպցիոն գործողություններով կուտակած ունեցվածքի պահպանումն է: Այն դեպքում, երբ կառավարությունն ինքն է դարձել աղքատության, կոռուպցիայի, գների աղետալի աճի և երկրից քաղաքացիների արտագաղթի հիմնական պատճառը, Իվանիշվիլին փորձում է Պուտինի ոճով խեղդել քննադատական ձայնը և ճնշել ազատ հասարակությունը։ Իշխող ուժն ամբողջությամբ հրաժարվել է եվրոպական արժեքներից ու սկզբունքներից»,- ասված է ապրիլի 5-ին կուսակցությունների տարածած հայտարարության մեջ։
Կողմերի կարծիքով, կարևոր են փոփոխությունները, որոնք կբերեն «բազմակուսակցական, ժողովրդավարական կառավարում և կդառնան Վրաստանի՝ եվրոպական ընտանիք վերադարձի երաշխիք». «Եթե կառավարությունն ընդունի նոր նախաձեռնած ռուսական օրենքը, Վրաստանը կկորցնի եվրոպական ճանապարհը, և ԵՄ-ին անդամակցությամբ երաշխավորված անվտանգության, խաղաղության և բարգավաճման դուռը Վրաստանի հասարակ քաղաքացու համար երկար ժամանակ փակ կլինի»:
Հայտարարությունը ստորագրում են. «Ախալի», «Գիրչի — ավելի շատ ազատություն», «Դրոա», «Միացյալ ազգային շարժում», «Լելո», «Հանրապետական», «Ռազմավարությունն Աղմաշենեբելի» կուսակցությունները:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանում արդեն գրանցել է «նոր նախաձեռնություն», որը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծ։ Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվեն հանձնաժողովի քննարկումները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աջակցում է իր քաղաքական թիմի նախաձեռնությունը, չնայած այն բանին, որ նրանք 2023-ին հայտարարել էին, որ այս օրինագիծն այլևս չի քննարկվի:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։
Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները՝ որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան ներկայացրած «ռուսական օրենքի» հակակշիռ, գրանցել են «Օկուպանտ պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» օրենքի նախագիծը։
Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և մյուսներն արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին:
Իշխանությունը, «ռուսական օրենքը» օրակարգ վերադարձնելով, հավանաբար, փորձում է ընտրություններից առաջ հնարավորինս լարել իրավիճակը երկրում` խառնաշփոթից օգուտ քաղելու նպատակով. սրանով իսկ սաբոտաժի է ենթարկում Վրաստանի եվրոպական ուղին, կարծում են վրացի փորձագետները:
Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքերը