ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ «արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենք ընդունելու որոշմամբ։ Պետքարտուղարությունը կարծում է, որ այս օրենքի ընդունումը սպառնում է Վրաստանի եվրոպական ապագային։
«Մենք խորապես մտահոգված ենք, որ Վրաստանի խորհրդարան ներկայացված օրինագիծը կշեղի Վրաստանը եվրոպական ուղուց և կվնասի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք բարելավում են Վրաստանի քաղաքացիների կյանքը։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը հետևել Եվրամիության ձգտումներին»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Ամերիկացի սենատորներ հանրապետական Ջիմ Ռիշին և դեմոկրատ Ջին Շահինին «Վրացական երազանքի» որոշումը վնասաբեր են համարում Վրաստանի անդրատլանտյան և եվրոպական ապագայի համար։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանում արդեն գրանցել է «նոր նախաձեռնություն», որը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծ։ Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվեն հանձնաժողովի քննարկումները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աջակցում է իր քաղաքական թիմի նախաձեռնությունը, չնայած այն բանին, որ նրանք 2023-ին հայտարարել էին, որ այս օրինագիծն այլևս չի քննարկվի:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։
Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։
Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և մյուսներն արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին:
Իշխանությունը, «ռուսական օրենքը» օրակարգ վերադարձնելով, հավանաբար, փորձում է ընտրություններից առաջ հնարավորինս լարել իրավիճակը երկրում` խառնաշփոթից օգուտ քաղելու նպատակով. սրանով իսկ սաբոտաժի է ենթարկում Վրաստանի եվրոպական ուղին, կարծում են վրացի փորձագետները: