Կանանց քաղաքական մասնակցության աշխատանքային խումբը և քաղաքացիական հասարակական կազմակերպությունները (ՀԿ) կոչ են անում Վրաստանի խորհրդարանին չաջակցել պարտադիր գենդերային քվոտայի վերացմանը։
Կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ պարտադիր գենդերային քվոտայի վերացումը հակասում է Վրաստանի Սահմանադրությունում ամրագրված ժողովրդի կամքին, խախտում է կանանց իրավունքները և խոչընդոտում եվրաինտեգրման գործընթացին։
Ըստ հայտարարության՝ օրենսդրական նախաձեռնությունը հակասում է 2017 թվականին Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններին, որոնք սահմանում են պետության դրական պարտավորությունը՝ հատուկ միջոցներ ձեռնարկել տղամարդկանց և կանանց էական հավասարությունն ապահովելու և անհավասարությունը վերացնելու համար:
«Վրաստանի Սահմանադրական դատարանը քննարկել է պարտադիր գենդերային քվոտա սահմանող օրենքը և իր որոշման մեջ նշել է, որ Սահմանադրության հստակ կամքն է պետությանը լեգիտիմություն տալ՝ որոշակի դրական գործողություններ իրականացնելու համար՝ ապահովելու սեռերի միջև էական հավասարությունը և վերացնել սեռերի միջև առկա էական անհավասարությունը: Դատարանը նաև համարեց, որ խորհրդարանում կանանց ներկայացվածության մեծացումը Սահմանադրական է, և 11-րդ հոդվածի 3-րդ կետից բխող կարևոր Սահմանադրական նպատակ է»:
Կազմակերպությունները հիշեցնում են նաև անցած տարիներին անցկացված ընտրությունները և նշում, որ պարտադիր գենդերային քվոտայի կիրառման արդյունքում կանանց ներկայացվածությունը աճել է 3 տոկոսվ՝ հասնելով 19,1 տոկոսի, իսկ 2021 թվականին 13,8 տոկոսից մինչև 24 տոկոսի: Ըստ նրանց՝ համաձայն 2023 թվականի Գենդերային գլոբալ ինդեքսի՝ Վրաստանը 146 երկրների շարքում զբաղեցնում է 76-րդ տեղը, իսկ խորհրդարանում կանանց ներկայացվածության ցուցանիշով 125-րդ տեղը:
Ի դեպ, ապրիլի 1-ին խորհրդարանի բյուրոյի նիստում գրանցվել է ընդդիմադրի «Գիրչի» կուսակցության առաջարկած «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների օրենքի նախագիծը։ Նախագիծը նախատեսում է խորհրդարանական ընտրությունների կուսակցական ցուցակներում կանանց քվոտաների չեղարկում։ «Վրացական երազանք» խմբակցության պատգամավոր Բեքա Դավիթուլիանին նույն նիստում գործընկերներին հայտնել է, որ խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի և «Գիրչի» նախագահ Իագո Խվիչիայի միջև այս հարցի շուրջ քննարկում է եղել:
Ըստ պայմանավորվածության՝ մեծամասնությունը կաջակցի «Գիրչի» նախաձեռնությանը։ Փոխարենը «Գիրչին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի ընտրության ժամանակ կքվեարկի «Վրացական հերազանքի» ցանկալի թեկնածուի օգտին։
Ընդգծենք՝ «Ընտրական օրենսգրքի» ներկայիս փոփոխություններըժի համաձայն, 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունների և մինչև 2028 թվականը հաջորդող խորհրդարանական ընտրությունների համար քաղաքական կուսակցությունը որոշում է կուսակցության ցուցակի կազմման կարգն այնպես, որ ԿԸՀ նախագահին ներկայացված կուսակցական ցուցակի յուրաքանչյուր չորսից առնվազն մեկ անձ պետք է լինի կին։
2028 թվականի հոկտեմբերի 28-ին Վրաստանի խորհրդարանի ընտրությունների և այդ ընտրություններից հետո անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների համար՝ մինչև 2032 թվականը ներառյալ, քաղաքական կուսակցությունը սահմանում է կուսակցական ցուցակի կազմման կարգն այնպես, որ ԿԸՀ նախագահին ներկայացված կուսակցական ցուցակի յուրաքանչյուր երրորդից առնվազն մեկ անձ պետք է լինի կին։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։
Օմբուդսմենը բացասաբար է գնահատում գենդերային քվոտավորման վերացումը