Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը նախատեսում է տեղացիներին տեղափոխել Սոխումիի օդանավակայանի շրջակայքից, ինչը դժգոհություն է առաջացնում բնակչության շրջանում, գրել է վրաստանյան netgazeti լրատվամիջոցը՝ վկայակոչելով աբխազական Telegram ալիքներին:
Տեղեկության համաձայն, Աբխազիայի դե ֆակտո Հանրապետության էներգետիկայի նախարար Ջանսուխ Նանբան մարտի 26-ին հանդիպել է օդանավակայանի հարակից տարածքի բնակիչներին։ Մի քանի տասնյակ մարդիկ դժգոհություն են հայտնել Ջանսուխ Նանբային՝ կապված իրենց վտարման հայտարարության հետ։
Ի դեպ, Սոխումիի օդանավակայանը հանձնվել է ռուս ներդրողի։ Աբխազիայի դե ֆակտո հանրապետության «խորհրդարանը» հունիսի 16-ին 30 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ պաշտպանել է «միջկառավարական համաձայնագիրը», որը ստորագրվել էր Մոսկվայի և Սոխումիի միջև:
Դե ֆակտո հանրապետության «նախագահ» Ասլան Բժանիան օդանավակայանի վերականգնումը համարում է քաղաքական և տնտեսական բեկման կարևոր նախադրյալ, մինչդեռ ընդդիմությունը համոզված է, որ Սոխումիի օդանավակայանի փոխանցումը Ռուսաստանին բխում է միայն Ռուսաստանի և Աբխազիայի «կառավարությունների» առանձին անհատների շահերից։
ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել է Վրաստանից չվերահսկվող Սոխումիի օդանավակայանը Ռուսաստանին փոխանցելու լուրին։ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը նշել է, որ ԱՄՆ-ն Սոխումիի օդանավակայանը համարում է Վրաստանի օդային տարածքի մաս։