Վրաստանի ընդդիմադիր «Ախալի» քաղաքական միավորման առաջնորդ Նիկա Գվարամիան հայտարարում է, որ Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանը չի ընդունել իր հայցը քննության համար։
Հայցը կապված էր Գվարամիայի գործի հետ, որով վրացի դատարանները նրան մեղավոր էին ճանաչել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ղեկավարության օրոք լիազորությունները չարաշահելու մեջ։
«Շատ ցավում եմ, բայց Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանը իմ հայցը չընդունեց քննության, մի դատավոր որոշեց, որ գործն ընդհանրապես չի քննվում, և ինքը ոչինչ չի տեսնում այն գործում, ինչը տեսել են աշխարհի բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները և բարձրաձայն բողոքել են։
Ճիշտ է, ցավալի լուր է, բայց «Ռուսթավի 2» գործով նույն դատարանի որոշումից հետո ինձ համար իսկապես զարմանալի չէ։ Կարևոր չէ, իշխանությունը կփոխվի, դատարանն էլ է փոխվելու, և մենք, և Եվրադատարանը բոլոր քաղաքական գործերի մանրամասները կհասկանանք»,- գրել է Գվարամիան։
Գվարամիայի փաստաբան Դիտո Սաձաղիշվիլին ասել է, որ իրեն հայտնի չէ Ստրասբուրգի դատարանի կողմից իրենց հայցը մերժելու պաշտոնական որևէ պատճառ. «Ցավոք, ոչինչ գրված չէր, մեկ նախադասություն էր՝ առանց բացատրության»։
Ի դեպ, 2022 թվականի մայիսի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Գվարամիային դատապարտել էր 3 տարի 6 ամիս ազատազրկման՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը ղեկավարելու ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով։ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորն այս որոշումը հրապարակել էր այն ժամանակ, երբ Վրաստանն արդեն դիմել էր ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
2022 թվականի նոյեմբերի 2-ին Վերաքննիչ դատարանը չփոխեց Գվարամիայի ազատազրկման վերաբերյալ որոշումը։ Սակայն 2023 թվականի հունիսի 22-ին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գվարամիային ներում շնորհեց այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Գերագույն դատարանը չի ընդունել փաստաբանների հայցը և ուժի մեջ է թողել ստորադաս ատյանի որոշումը։
Հիշեցնենք. մարտի 11-ին Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիան ու ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ստեղծել են «Ախալի» («Նոր») կուսակցությունը։