Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը Վրաստանի քաղաքացի Ալեքսանդր Ինասարիձեին հեռակա կալանք է սահմանել՝ ազատազրկում, վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ, այսօր՝ մարտի 26-ին, հենվելով դատարանի որոշմանը, գրել է Կրեմլից վերահսկվող ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Ռուսաստանն Ինասարիձեին մեղադրում է 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի վրա «ահաբեկչական հարձակում» կազմակերպելու համար։ Նույն տեղեկության համաձայն, նմանատիպ մեղադրանքով հեռակա կալանքի է դատապարտվել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը։
Հիշեցնենք. Ռուսաստանին բռնակցված Ղրիմի կամրջի վրա պայթյունը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 8-ին։ Չորս օր անց Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարեց, որ «կազմակերպված ահաբեկության» հետաքննության շրջանակներում ՌԴ ռազմական հետախուզությունը ձերբակալել է Ռուսաստանի` 5, Ուկրաինայի և Հայաստանի 3 քաղաքացու, ինչպես նաև բացահայտել է հանցակիցներին, որոնցից 2-ը Վրաստանի քաղաքացիներ են։ Ռուսաստանի ԱԴԾ-ն այդ պաշտոնական հաղորդագրության մեջ Ալեքսանդր Ինասարիձեին հիշատակել էր Սանդրո Ինոսարիձե անուն-ազգանվամբ, իսկ երկրորդ անձը Լևան անունով բրոքեր էր։
Վրաստանի կառավարության ներկայացուցիչներն այն ժամանակ հայտարարել էին, որ Վրաստանը կապ չունի Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետ։ Վրաստանյան «Պիրվելի» հեռուստաընկերությունն այն ժամանակ գրել էր, որ ռուսական հետաքննության նյութերում նշված բեռնատարը պատկանում է Ինասարիձեի մորը. վերջինս ռուսական վարկածն անհեթեթություն էր համարել։
2014 թվականից Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում կառուցված կամրջի վրա 2022 թվականի հոկտեմբերի 8-ի ուժգին պայթյունից փլուզվել էր կամրջի ճանապարհային հատվածը, իսկ կամրջի երկաթուղային մասում ուժեղ հրդեհ էր բռնկվել։ Ռուսական տվյալներով` զոհվել է 3 մարդ։
2023 թվականի հուլիսին Ուկրաինան պաշտոնապես հաստատել է, որ Ղրիմի կամրջի վրայի պայթյունն ինքն է կազմակերպել։