Դպրոցներից մեկում «պղպեղի սփրեյ» են օդ արձակել

Թբիլիսիի Նաձալադևիի շրջանի 32-րդ հանրակրթական դպրոցում դասապրոցեսն ամբողջությամբ վերականգնվել է: Այսօր՝ մարտի 26-ի ժամը 11:00-ին այս դպրոցի դասասենյակներից մեկում «պղպեղի սփրեյ» են օդ արձակել։

Միայն 11-րդ դասարանում մի քանի դասաժամ չի կայացել։ Դպրոցի տնօրենը շտապօգնության խումբ է կանչել, որից հետո դպրոց են ժամանել նաև փրկարարական և պարեկային ոստիկանության խմբերը։

Աշակերտներից մի քանիսին տեղում օգնություն է ցուցաբերվել, մի քանիսին էլ տեղափոխել են հիվանդանոց՝ կանխարգելման նպատակով։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի հետաքննություն է սկսել «Քրեական օրենսգրքի» 124-րդ հոդվածի հատկանիշներով՝ թեթև կամ ծանր վնասվածք պատճառելը։ Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ քննիչներն արդեն զրուցել են 32-րդ հանրակրթական դպրոցի տնօրենի հետ։