Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության առաջնորդները ստորագրություններ են ներկայացրել Վրաստանի նախագահի աշխատակազմ՝ պահանջելով ազատ արձակել անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
Ընդգծենք՝ միակ իրավական լծակը, որը կարող է օգտագործել ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սաակաշվիլիին ազատ արձակելու համար` ներումն է, թեև ՄԱՇ կուսակցության ղեկավարները լրատվամիջոցներին տված իրենց մեկնաբանություններում այս բառը չեն նշել։
«Վստահ եմ, որ մեր համախմբվածությունն արդյունք կտա։ Միխեիլ Սաակաշվիլին պետք է ազատ լինի… Սալոմե Զուրաբիշվիլին պարտավոր է հաշվի առնել այն հարյուր հազարավոր վրացիների և քաղաքացիների պահանջներն ու խնդրանքները, որոնց նախագահն է»,- ասել է Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչ Սոփո Ջափարիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանի շրջաններում, այդ թվում՝ Քութաիսիում, Բաթումիում, Ծալենջիխայում և այլուր, հավաքվել է մինչև 200 հազար ստորագրություն։
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլին, որ երկու գործով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Վրաստան է վերադարձել 2021 թվականի սեպտեմբերի վերջին։ Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին՝ ինքնակառավարման ընտրությունների նախորդ օրը։ 2022 թվականի մայիսի 12-ին Սաակաշվիլին Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Նա այժմ կլինիկայում է։