1983 թվականից մարտի 15 –ին նշվում է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այս կապակցությամբ Վրաստանի էնեգետիկայի հարցերով օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները հավաքվել էին Բուկիայի այգում, որտեղ քաղաքացիներին տեղեկացնում էին սպառողական իրավունքների, էներգետիկայի ոլորտում առկա սպառողական խնդիրների մասին, առաջարկում իրենց ծառայությունները:
Վրաստանի Էներգաօմբուդսմենի գրասենյակը այս շաբաթը հայտարարել է պառողների իրավունքների պաշտպանության շաբաթ: Գրասենյակի փոխանցմամբ՝ շաբաթվա ընթացքում նախատեսված են տեղեկատվական միջոցառումներ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի տարբեր շրջաններում:
Էներգետիկայի ոլորտում Վրատանի մարդու իրավունքների պաշտպան Սալոմե Վարդիաշվիլին ավելի մանրամասն պատմեց միջոցառման նպատակների մասին:
«Արդեն 3 տարի է, որ մասնակցում ենք այս նախաձեռնությանը։ Այս օրը մենք դուրս ենք գալիս գրասենյակից, հանդիպում անցկացնում քաղաքացիների հետ, ծանոթացնում նրանց սեփական իրավունքների մասին, բացատրում, թե որ դեպքում ինչպես պետք է վարվել: Մենք վստահ ենք, որ նպաստում ենք նրանց տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը»:
Վարդիաշվիլին նշեց, որ էներգաօմբուդսմենի գրասենյակ առավել հաճախ մարդիկ դիմում են էներգիա մատակարարող կազմակերպությունների կողմից գումարի անհիմն հաշվեգրման, ոլորտի աշխատակիցների ոչ պատշաճ ծառայության մասին բողոքներով: