Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սպորտային հաջող գործունեության համար վրացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Իլիա Թոփուրիային պարգևատրել է Պատվո շքանշանով։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Օրբելիանի պալատում, Սալոմե Զուրաբիշվիլին պետական մրցանակը անձամբ է հանձնել բռնցքամարտիկին։
«Ուրախ եմ՝ հնարավորություն ունեցա հանձնելու այս մրցանակը, որը շատ առումներով օրինակ է երիտասարդների համար, թե ինչ բարձունքների կարող ես հասնել, լինի դա Վրաստանում, թե դրսում, նշանակություն չունի: Սպորտը միջազգային ոլորտ է, անկախ նրանից, թե որտեղից ես սկսում, գլխավորը ամենաբարձր մակարդակին հասնելն է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Իլիա Թոփուրիան շնորհակալություն է հայտնել նախագահին և նշել, որ իր համար մեծ պատիվ է Նախագահի կողմից արժանանալ Պատվո շքանշանի։
Հիշեցնենք, որ մարտի 19-ին, UFC-ի չեմպիոնը կառավարության աշխատակազմում հանդիպել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Կառավարության վարչակազմից հայտնում են, որ վարչապետն ընդգծել է, որ Իսպանիայի քաղաքացիություն ստանալու հետ մեկտեղ Իլիա Թոփուրիայի համար կարևոր է նաև Վրաստանի քաղաքացիության պահպանումը։ Վարչապետը դիմել է արդարադատության նախարարությանը և նախագահին՝ ամեն ինչ անելու Թոփուրիայի քաղաքացիությունը պահպանելու համար։
UFC-ի չեմպիոնը Վրաստան է ժամանել մարտի 18-ին։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են երկրպագուները։