Արդարադատության բարեփոխումները Վրաստանի ժողովրդավարական զարգացման և Եվրամիության հետ հետագա ինտեգրման կարևորագույն նախապայմաններից են, նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) վերլուծության մեջ։
TI-ն Վրաստանում, այսպես կոչված՝ վեթինգի համակարգ ներդնելու նախաձեռնության վերաբերյալ նշում է, որ այս թեմայով բարձրաստիճան պաշտոնյաների վերջին շրջանի հռետորաբանությունը վկայում է, որ կառավարությունը չի պատրաստվում իրականացնել Եվրահանձնաժողովի չափազանց կարևոր առաջարկությունները։ Ըստ ՀԿ-ի՝ այս պահանջի չկատարումը կարող է հետաձգել Եվրամիությանն ինտեգրման գործընթացը և ի վերջո էականորեն վտանգել անդամակցության հեռանկարը։
Հայտարարության մեջ թվարկված են Եվրահանձնաժողովի առաջարկությունները, որոնք պետք է իրականացնեն Վրաստանի իշխանությունները բարեփոխումների ուղղությամբ: Խոսքը նաև Վրաստանի կառավարության կողմից 2023 թվականի նոյեմբերի 27-ին հաստատված ծրագրի մասին է։ Մասնավորապես նշվում է, որ կառավարության հաստատած ծրագրով նախատեսված է ընդամենը երեք գործողություն. դրանցից մեկը աշխատանքային խմբի ստեղծումն է, իսկ հաջորդ երկուսով տրվում են օրենսդրական փոփոխությունների իրականացման ընդհանուր ուղեցույցներ։
ՀԿ-ն նշում է, որ կառավարության հաստատած փաստաթուղթն այնքան ընդհանրական և անորոշ է, որ անհնար է հասկանալ, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Վրաստանի կառավարությունն առաջարկությունների իրականացման առումով։
«Այս պահին հայտնի է վարչապետի և խորհրդարանի նախագահի խիստ բացասական վերաբերմունքը, որը վերաբերում է Եվրահանձնաժողովի առաջարկությունների մեկ բաղադրիչին՝ դատավորների բարեխղճությունը ստուգելու մեխանիզմին», — նշում է ՀԿ-ն:
Վեթինգի համակարգը մոդել է, որի շրջանակներում ստուգվում է դատավորների պրոֆեսիոնալիզմը, և հանձնաժողովը պետք է համալրված լինի օտարերկրյա և վրացի փորձագետներով։ Սա պահանջում է նաև Վենետիկի հանձնաժողովը։
«Վրացական երազանքի» փաստարկն այն է, որ այդ գործընթացին օտարերկրյա գործընկերների մասնակցությունը վտանգելու է երկրի ինքնիշխանությունը։ Իշխող թիմը փորձում է վեթինգի համակարգը ներկայացնել որպես ընդդիմության նախաձեռնություն, թեև Եվրահանձնաժողովն է դա պահանջում։