Ուկրաինայի Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան արձագանքել է Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին և Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախարար Գիորգի Լորթքիփանիձեին Վրաստանին արտահանձնելու՝ Վրաստանի կառավարության մարտի 11-ի հայտարարությանը: Արախամիան նաև նշել է Կիև-Թբիլիսի հարաբերությունները կարգավորելու երեք պայման:
Արախամիան կարծում է, որ Վրաստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին և վերադարձնեն Ուկրաինա, դադարեցնեն ուղիղ չվերթները Ռուսաստանի հետ և «դադարեն օգնել ագրեսորին խուսափել պատժամիջոցներից»։ Միաժամանակ, Արախամիան Վրաստանի կառավարությանն անվանել է «կրեմլամետ»։
Մինչ այդ Վրաստանի իշխանությունը հայտարարել էր, որ Կիևը պետք է Թբիլիսիին հանձնի Սաակաշվիլիի կառավարության պաշտոնյաներ Զուրաբ Ադեիշվիլիին և Գիորգի Լորթքիփանիձեին։ Բացի այդ, Վրաստանի կառավարությունը մատնանշել է Ուկրաինայի գործադիրի կողմից ձեռնարկված մի շարք «ոչ բարեկամական» քայլեր, այդ թվում՝ Վրաստանից դեսպանի հետկանչը։
Կառավարության հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ուկրաինայի կառավարությունում շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել հետախուզման մեջ գտնվող կամ տարբեր հանցագործությունների համար դատապարտված անձինք. «Այս տեսանկյունից հատկապես մտահոգիչ է՝ Զուրաբ Ադեիշվիլիի ներկայությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում, և Գիորգի Լորթքիփանիձեի՝ Ուկրաինայի հակահետախուզական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում»։
Վրաստանի կառավարության ներկայացուցիչներն արձագանքել են Արախամիայի գրառմանը: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Արախամիայի վերաբերմունքն անվանել է «ցավալի» և «տխուր»՝ համարելով, որ նրանք վճռականորեն աջակցում են ուկրաինացի ժողովրդին և համերաշխություն են հայտնում Ուկրաինայի պետությանը։
Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեն ավելի խիստ է գնահատել Ուկրաինայի իշխող կուսակցության ներկայացուցչի հայտարարությունը. «Արախամիայի նման վերաբերմունքն այդ անբարյացակամ վերաբերմունքի շարունակությունն է, որը նշանակում է թշնամություն այս երկրի նկատմամբ։ Եվ ես հուսով եմ, որ այս հարցում նման վերաբերմունքը, չնայած այս ամենին, երբեք չի կարողանա սասանել երկու ժողովուրդների պատմական բարեկամությունը»,- ասել է Մդինարաձեն:
Այս թեմայով ավելին՝ ստորև նյութում.
Ադեիշվիլիին ձերբակալելու համար Վրաստանի դատախազությունը դիմել է Բելգիային և Գերմանիային