Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիան ու ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ստեղծել են «Ախալի» («Նոր») կուսակցությունը։
«Մեր կուսակցությունը «Ախալի» («Նոր») է, մենք միասին ենք, նոր ձևերով ենք պայքարում Վրաստանում փոփոխությունների համար: Մենք փոխվեցինք, որովհետև գիտենք, թե ինչ է պայքարը, գիտենք անփութության գինը, գիտենք հայրենիքին ծառայելու գինը, գիտենք՝ ինչպես հաղթահարել դժվարությունները, ինչպես արձագանքել մարտահրավերներին»,- կուսակցության շնորհանդեսին ասել է Գվարամիան։
Մելիայի խոսքով, իրենց միջև բանակցությունները շարունակվել են շուրջ երեք ամիս:
«Ախալի»-ի անդամներն են ՄԱՇ Բաթումիի գրասենյակի նախկին ղեկավար Գիորգի Կիրթաձեն, նույն կուսակցության մեկ այլ նախկին անդամ, Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Գիորգի Իմեդաշվիլին, Մաիա Կոպալեիշվիլին և այլք։
Ընտրություններում նրանց ընտրական համարը կլինի 4-ը: 2021 թվականի վերջին ինքնակառավարման ընտրություններում 4-րդ համարը պատկանում էր «Պետությունը ժողովրդի համար» կուսակցությանը, որը 2020 թվականի ընտրություններում խորհրդարան է մտել ՄԱՇ ղեկավարության ստեղծած կոալիցիայի հետ:
Մելիան ՄԱՇ-ը լքեց 2023 թվականի դեկտեմբերի 7-ին՝ կուսակցության նախագահի ընտրություններում կրած պարտությունից մոտ մեկ տարի անց։ Հետո ասաց, որ պատրաստվում է նոր քաղաքական թիմ ստեղծել։
Գվարամիան քաղաքական թիմ ստեղծելու մասին հայտարարել էր անցած տարվա դեկտեմբերի 28-ին «Մթավարի արխի» հեռուստաընկերության եթերում` ընդգծելով, որ միավորումը հիմնվելու է «նոր մարդկանց» վրա։ Հենց դրա պատճառով էլ նա հրաժարվեց գլխավոր տնօրենի պաշտոնից և «Մթավարի արխի»-ի բաժնետոմսերից: